Երկուշաբթի, 26 Հուլիսի 2021 15:08
Ալինա Հովհաննիսյան

Պետությունը կավելացնի "Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան" ծրագրով հիփոթեքային վարկերի սուբսիդավորման գումարը

Պետությունը կավելացնի "Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան" ծրագրով հիփոթեքային վարկերի սուբսիդավորման գումարը

Արմինֆո.Հայաստանում իրականացվում են բնակարանային ապահովության մի շարք ծրագրեր, որոնց շրջանակում իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրմամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվում է պետական աջակցություն:

Այդ նախաձեռնություններից է 2010 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որի համակարգող գերատեսչություններից է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

 

ԿԳՄՍՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ծրագրի հիմնական նպատակը երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների հաղթահարման գործում արդյունավետ պետական աջակցության համակարգի ներդրումն է, որն էլ նպաստում է երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, արտագաղթի նվազմանը, հիփոթեքային վարկավորման համակարգի զարգացմանը, ինչպես նաև խթան է բնակարանային շինարարության և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման համար: 2010 թվականից ի վեր՝ ամեն տարի, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի միջոցով հարյուրավոր ընտանիքներ առաջնային և երկրորդային շուկայից ձեռք են բերել բնակարաններ հանրապետության մարզերում և Երևանում:

 

ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանի խոսքով՝ հատկապես 2018-2019 թվականներին ծրագրին դիմողների թիվը զգալիորեն աճել է, ինչին նպաստող հանգամանքներից են եղել այդ տարիներին ծրագրի կարգում կատարված փոփոխությունները և լրացումները: Մասնավորապես, այժմ երիտասարդ ընտանիքը սահմանվում է հետևյալ կերպ՝ «երիտասարդ ընտանիք` ընտանիք, որտեղ ամուսինների  տարիքների  հանրագումարը չի գերազանցում 70-ը, կամ երեխա ունեցող միայնակ երիտասարդ ծնող»:

 

«Համապատասխան փոփոխություններն ավելի շատ ընտանիքների են հնարավորություն տվել դառնալու ծրագրի շահառու: Այսպես, երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը բարձրացվել է մինչև 70 տարեկան՝ առանց տղամարդու և կնոջ տարիքային որևէ շեմի  սահմանմամբ: Պետության կողմից սուբսիդավորման  ծավալը և շահառուների թիվը շարունակաբար ավելացել են, իսկ 2019 թվականին հասել է դեռևս  առավելագույնին՝  1196-ի:  Այդ տարի Երևանում բնակարան է ձեռք բերել  499 երիտասարդ ընտանիք,  մարզերում՝ 697:

 2020 թվականին կորոնավիրուսի համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ թիվը նվազել է․ Երևանում ձեռք են բերել 323 բնակարան, մարզերում՝ 558: Այս տարվա առաջին կիսամյակում Երևանում ձեռք են բերել 117 բնակարան, մարզերում՝ 269: Եթե հաշվի առնենք, որ այժմ հետպատերազմական վերականգնման փուլում ենք, ապա երկրորդ կիսամյակի թիվը կաճի: Իհարկե, բարդ կլինի հասնել 2019 թվականի ցուցանիշին, սակայն առաջնայինը նախորդ տարվա ցուցանիշը չթերակատարելն է»,- ասել է Գոհար Մամիկոնյանը և հավելել, որ ծրագրի շահառու դառնալու համար վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ընտանիքները պետք է նախ դիմեն առևտրային բանկ:

 

Հիփոթեքային վարկը տրամադրվում է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առաջնային շուկայում  առավելագույնը 7.5 տոկոսով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝ առավելագույնը 9.5 

տոկոսով, որից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն`  ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի  տոկոսը  կազմում է առավելագույնը 5.5): Երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի գինը Երևանում և մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը:

 

ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի խոսքով՝ ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցները շարունակելու են աճել՝ այդպիսով պետությունը հետևողականորեն կատարելու է երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու իր հանձնառությունը. «2021-2024 թվականներին միջնաժամկետ ծախսային ծրագրերով պետության կողմից սուբսիդավորման չափը շարունակաբար աճելու է: Այս տարվա համար  նախատեսված է 1 մլրդ 300 մլն դրամ, 2022 թվականին կհատկացվի 1 մլրդ 737 մլն 500 հազար դրամ, 2023-ին՝ 2 մլրդ 78 մլն դրամ, իսկ 2024-ին՝ 2 մրդ 425 մլն 200 հազար դրամ»:

 

Նշենք, որ ԿԲ տվյալներով, մինչեւ 2021թ. հունիսը հիփոթեքային պորտֆելի տարեկան 37,2%-ով, մինչեւ 544,2 մլրդ դրամ ($1.05 մլրդ) բարձր աճը աջակցել է Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը 6,4% աճով ' գերազանցելով 3.6 տրիլիոն դրամի բացարձակ արժեքը ($6,9 մլրդ): Հիփոթեքի աճը բարձրացրել է իր մասնաբաժինը բանկերի անցյալ տարվա ընդհանուր վարկային պորտֆելում 11,7% - ից մինչեւ ներկայիս 15,1%.