Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, նախագծի հիմնական նպատակը ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրոնային ծառայության հասկացության սահմանման հստակեցումն է, էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որոշման կանոնների սահմանումը, ինչպես նաև ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի հաշվարկելու և վճարելու կարգավորումների նախատեսումն է: Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը: Նախատեսվում է կարգավորել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով` հաշվետու ժամանակաշրջան սահմանել հաշվետու եռամսյակը, ծառայության մատուցման պահը որոշվում է այդ ծառայության դիմաց վճարում, այդ թվում` մասնակի, կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը ներառյալ, ԱԱՀ գումարներ վճարելու և ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Բացի այդ, առաջարկվում է ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների մասով կառավարության կողմից սահմանել հարկային մարմնում հաշվառման և ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի գծով լրացուցիչ հարկային մուտքերի ապահովում:
«Մենք նախագծել ենք համապատասխան էլեկտրոնային ծրագրի տեխնիկական առաջադրանքը, որը հնարավորություն է տալու առանց որևէ բարդության՝ էլեկտրոնային եղանակով գրանցվել հարկային մարմնում և ներկայացնել համապատասխան հաշվարկը: Այս եղանակով պոտենցիալ հարկ վճարողների հետ բանակցություններ են եղել մինչ այս փուլը, ու նրանց հետ համաձայնեցված է այդ էլեկտրոնային ծրագրի բոլոր բաղադրիչները»,-ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ այս փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2022-ի հունվարի 1-ից:
Ռուստամ Բադասյանը նշել է, որ մինչ այդ պետք է հասցնել ունենալ էլեկտրոնային ծրագիրը, որպեսզի հաջորդ տարվանից նման գործարքներ կատարող ընկերությունները՝ Google-ը, Facebook-ը և նմանատիպ ընկերությունները, օնլայն ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք հնարավորություն ունենան ավելացված արժեքի հարկի գծով առաջացող պարտավորությունները հայտարարագրել ու վճարել:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքն էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները հարկելու մասին է, ինչպես անում են աշխարհի առաջատար երկրները: «Հարցը հետևյալն է՝ Facebook, Google ու ընդհանրապես ինտերնետային դաշտում, եթե, օրինակ բացում ենք նաև օտարերկրյա կայքեր, տեսնում ենք, որ այդ կայքերում հայկական ընկերությունների գովազդներ են տեղադրված: Բնականաբար, այդ ընկերությունները դրա համար վճարում են: Եթե նմանատիպ գործարքներ տեղի են ունենում Հայաստանում գրանցված ընկերությունների դեպքում, առաջանում են հարկային պարտավորություններ՝ ծառայությունը մատուցողի համար: Խնդիր ունենք, որ այս հարթակներում այդ գովազդներից մենք հարկեր չենք կարողանում գեներացնել: Հիմնական խնդիրը մեխանիզմի մեջ է, թե ինչպես հաշվառել այդ գործընթացը»,- ասել է վարչապետը:
Ռուստամ Բադասյանը նշել է, որ խոսքը բացառապես վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայություններին, կազմակերպությունների դեպքում հարցը կարգավորված է: Կառավարությունը սահմանելու է էլեկտրոնային ծառայությունների ցանկը, որոնք այս հարկման պարտականության տակ են ընկնում:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին նշել է, որ այս կարգավորումը ուղղված է ոչ միայն լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելուն, այլև մրցակցային պայմանները հավասարեցնելուն. «Մեր հաշվարկներով մոտավորապես ամենաքիչը 20 մլրդ դրամ լրացուցիչ հարկ կհավաքվի»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ դա դինամիկ զարգացող ոլորտ է և Հայաստանում էլ այդ ծառայությունների մատուցման, ծառայություններից օգտվողների շրջանակն էականորեն ավելանում է: Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև տաքիսների շուկայի կարգավորման հարցին, որը կառավարության օրակարգում է: «Դա ևս թեմա է, որին պետք է անպայման անդրադառնանք: Այստեղ պետք է երկու խնդիր առաձնացնենք՝ հարկեր-տուրքեր հատվածը պետք է առանձին քննարկենք, որակի ստանդարտի հարցը՝ առանձին: Մեր նպատակադրումը հետևյալն է՝ ունենալ այնպիսի մի մեխանիզմ, որ իսկապես անհատի հետ պետությունը հնարավորինս քիչ գործ ունենա»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ տաքսի ծառայությունների որակի կարգավորումները պետք է սկսել օդանավակայանից՝ հետագայում փուլային եղանակով տարածելով մայրաքաղաքի և նաև ամբողջ հանրապետության վրա: