Արմինֆո.Ըստ ասիական Asian Banking & Finance ֆինանսական պարբերականի Արդշինբանկը հերթական անգամ ճանաչվել է Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ»: ABF Retail Banking Awards մրցանակը շնորհվում է այն առաջատար բանկերին, որոնք ներկայացրել են նորարարական ապրանքներ և ծառայություններ մանրածախ բանկային գործառույթների համար և նշանակալի ներդրում են ունեցել ոլորտի զարգացման գործում։
Asian Banking & Finance պարբերականի մրցանակի հավակնորդներին ընտրել է առաջատար ասիական կազմակերպությունների, այդ թվում` Pricewaterhouse Coopers, KPMG, Deloitte և Ernst and Young ընկերություններից կազմված ժյուրին: Ժյուրիի կողմից դիտարկվել են հավակնորդների ռազմավարությունը, ծառայություններն ու ապրանքները՝ գնահատելով դրանց ձեռքբերումները նորարարության, առավելությունների և առաջադեմ հնարավորությունների շուկայում: Համավարակով պայմանավորված՝ մրցանակները հաղթողներին շնորհվել են առցանց ներկայացմամբ։
Ըստ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի՝ բանկն այդ հեղինակավոր մրցանակը ստացել է, խոշոր քաղաքներից բացի, նաև Հայաստանի մարզային փոքր քաղաքներում որակյալ ֆինանսական ծառայությունների զարգացման և շարունակական առաջխաղացմանն ուղղված ջանքերի համար։ «Այս մրցանակը ևս մեկ ապացույց է, որ Արդշինբանկը իրավամբ արժանի է լինելու Հայաստանի բանկերի առաջատարների ցանկում, քանի որ մշտապես բարելավում է իր ծառայությունները և մանրածախ ֆինանսական ծառայությունների ոլորտում ժամանակակից լուծումներ կիրառում։ Մենք ուրախ ենք, որ մեր ջանքերը գնահատվել են և մեզ հաջողվել է դա իրագործել ամբողջ աշխարհի համար համավարակի դժվարագույն պայմաններում»,- ասաց Ա․Անանյանը։
Համաշխարհային ճգնաժամի ժամանակ, երբ համավարակի պատճառով հայտնվեցինք նոր իրականությունում, այս տարվա հաղթող բանկերը կարողացան արագ կողմնորոշվել և բոլոր կարևոր ցուցանիշներով պահպանել իրենց դիրքերը իրենց երկրի բանկային համակարգի առաջատարների շարքում։ Մենք հուսով ենք, որ, չնայած շատ բարդ ժամանակներին, նրանք ապագայում ևս կշարունակեն հաճախորդներին լավագույն ծառայություններ մատուցել»,- իրադարձությունը մեկնաբանել է Asian Banking & Finance ամսագրի խմբագիր Թիմ Չարլտոնը։
Արդշինբանկը տարբեր անվանակարգերում բազմիցս է լավագույնը ճանաչվել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և պարբերականների կողմից, որպիսիք են՝ «The Banker», «Global Finance», «Euromoney», «Thomson Reuters», Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ), Զարգացման եվրասիական բանկ: