Արմինֆո. Կառավարությունն օգոստոսի 12-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, առաջարկվող կարգավորման նպատակը համայնքների կայուն և շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ առաջարկվող բարեփոխմամբ կներդրվի ընդերքօգտագործման ոլորտից ստացված եկամուտների արդարացի վերաբաշխման հայեցակարգ: Մասնավորապես, առաջարկվում է հանքարդյունաբերության ոլորտում ռոյալթի վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների 2 տոկոսն ուղղել տվյալ ազդակիր համայնքներին, և ընդ որում, խոսքը ոչ թե նոր 2 տոկոսի մասին է, այլ արդեն վճարված 2 տոկոսից մասհանման: Նախարարի գնահատմամբ՝ այս ոչ մեծ ծավալի գումարների վերաբաշխումը նպատակ ունի ներմուծել միջազգայնորեն լայն կիրառվող մշակույթ, որի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը՝ այն համայնքներում, որտեղ աշխարհագրորեն առկա են բացառապես բնական ռեսուրսներ, հնարավոր է զարգացնել ընդերքօգտագործման միայն այդ ուղղությունները, և համայնքները կրում են այդ գործունեության ազդեցությունը, ինչով պայմանավորված էլ համայնքային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտություն է առաջանում: Ուստի համայնքին հնարավորություն է տրվում տրամադրված գումարներն ամեն տարի ուղղել որևէ առանձին ծրագրի: Նախագծով նախատեսվում է նաև ավագանու դերի մեծացում, քանի որ մասհանմամբ իրականացվող ծրագիրը հաստատվելու է ավագանու կողմից, ինչը, նախարարի խոսքով, կբարձրացնի գումարները ծախսելու հասցեականությունը և այնպես չէ, որ այդ եկամուտները կարող են ուղղվել, օրինակ, համայնքապետի աշխատասենյակի վերանորոգմանը: Հաշվետվությունը պետք է հրապարակվի ՏԻՄ և մարզպետարանի կայքէջերում՝ ապահովելով հաշվետվողականություն և թափանցիկություն:
Որոշման նախագծի առնչությամբ վարչապետը ներկայացրել է իր դիտարկումները՝ նշելով. «Պարոն Սանոսյան, Դուք ասացիք փոքր գումար: Այնուամենայնիվ, նախորդ տարվա կարգավորումների սահմաններում խոսքը մոտ 700 մլն դրամի մասին է, և եթե հաշվի առնենք, որ մենք ընդհանուր առմամբ հիմա ռոյալթիների համակարգը վերանայելու գործընթացի մեջ ենք և հաշվի առնենք, որ մետաղների գները, կանխատեսումներով, շարունակաբար բարձրանալու են, նույնիսկ նախորդ տարվա չափանիշներով փոքր չէ: Որովհետև եկեք նկատի ունենանք, որ համայնքները կարող են այդ գումարներով իրենց սուբվենցիոն հնարավորություններն ընդլայնել: Եթե չեմ սխալվում, խոսքը 23 համայնքի մասին է, 23 համայնք են ազդակիր: Հիմա նաև սուբվենցիոն համակարգով շատ կարևոր մեխանիզմ ենք գործարկել և երբ լրատվությանը հետևում ենք, տեսնում ենք, որ Հայաստանում փողոցներ, որոնք 50 տարի չեն նորոգվել, նորոգվում են, ճանապարհներ 50 տարի չեն նորոգվել, նորոգվում են, պուրակներ, որոնք հիմնադրման օրից չեն նորոգվել, նորոգվում են: Այնպես որ, կարծում եմ՝ մեխանիզմն ավելի կարևոր է: Այլ բան, որ մենք պետք է ընդհանուր, ինչպես Դուք նշեցիք, հանքարդյունաբերության համակարգն ավելի արդարացի հարկենք, որպեսզի ավելի արդարացի բաժին հասնի և՛ Հայաստանի Հանրապետությանը, և՛ համայնքներին»: