Արմինֆո.Հայաստանում ագրոապահովագրության պետական ծրագրի շահառուների թիվը, վերջին տվյալներով, հասել է 4 300-ի, մինչդեռ ողջ 2020 թվականին գյուղացիների եւ ապահովագրական ընկերությունների միջեւ կնքվել է ընդամենը 1500 պայմանագիր: Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իրա Փանոսյանը։
"Սա բավականին ուրախալի փաստ է, հաշվի առնելով, որ ագրոապահովագրությունը նոր մշակույթ է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում", - ընդգծել է նա:
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ շահառուների գերակշռող թիվը բաժին է ընկնում Շիրակի, Լոռու, Արարատի եւ Արմավիրի մարզերին, իսկ առավել մեծ ժողովրդականություն վայելող մշակաբույսերն են հացահատիկը, ծիրանն ու խաղողը: "Ի սկզբանե ծրագիրը նախատեսում էր միայն 2 գյուղմթերք եւ 2 տեսակի ռիսկեր, սակայն ամեն տարի մենք վերանայում ենք ծրագիրը եւ հետագայում այն կընդլայնենք ինչպես ապահովագրության ենթակա ռիսկերի, այնպես էլ գյուղմթերքների ցանկի առումով", - նշել է Փանոսյանը: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, այս փուլում ֆերմերները կարող են ապահովագրել 11 գյուղատնտեսական մշակաբույսեր՝ երեք տեսակի ռիսկերից. կարկուտ, գարնանային ցրտահարություն եւ հրդեհներ:
Հիշեցնենք, որ գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ծրագիրը Հայաստանում մեկնարկել է փաստացի 2019 թվականի սեպտեմբերից եւ դեռեւս աշխատում է փորձնական ռեժիմով ՝ ընդգրկելով Հայաստանի վեց մարզեր: Ապահովագրական ընկերությունները ապահովագրերի վաճառքին ձեռնամուխ են եղել 2020 թվականի սկզբին: Ապահովագրի գնումը սուբսիդավորվում է պետության կողմից 50-60%-ի չափով՝ կախված տարերային ռիսկայնությունից, իսկ ամբողջական ապահովագրության դեպքում գործում է 10% զեղչ: Որպես վերաապահովագրող հանդես է գալիս շվեյցարական Swiss Re խոշոր ընկերությունը։ Ստեղծվել է Ագրոապահովագրողների ազգային գործակալություն (AINA), որի գործառույթները ներառում են ագրոապահովագրության ստանդարտ ապրանքների, պետական սուբսիդավորման գործընթացի պայմանների և կարգավորման մշակում, շուկայի ուսումնասիրություն և ակտուալ հաշվարկներ, վնասի գնահատողների ուսուցում և որակավորման բարձրացում, գործընկեր ապահովագրական ընկերությունների նկատմամբ վերահսկողություն:
Նշենք, որ ֆինանսական կարգավորողը՝ ի դեմս Հայաստանի Կենտրոնական բանկի, մտադիր է աստիճանաբար ընդլայնել ագրոապահովագրության ծրագիրը՝ ինչպես գյուղատնտեսական մշակաբույսերի ավելի մեծ սպեկտրի ընդգրկման, այնպես էլ ապահովագրության ենթակա ռիսկերի առումով: Իսկ առայժմ ընկերություններն աշխատում են ծիրանի, խնձորի և տանձի այգիների, խաղողի այգիների, հացահատիկային մշակաբույսերի գարնանացանի եւ աշնանացանի ապահովագրության հատվածներում, որպես ապահովագրության ենթակա ռիսկեր սահմանվել են կարկուտը, ցրտահարությունը եւ հրդեհները: