Հինգշաբթի, 19 Օգոստոսի 2021 15:18
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Արգենտինան մտադիր են խորացնել ներդրումային համագործակցությունը

Հայաստանն ու Արգենտինան մտադիր են խորացնել ներդրումային համագործակցությունը

Արմինֆո. 2021 թվականի օգոստոսի 18-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Էնթերփրայզ Արմենիայի» և Արգենտինայի ներդրումների և առևտրի խթանման գործակալության Agencia Argentina de Inversiones y Comercio Internacional միջև:

 

Ինչպես ասվում է «Էնթերփրայզ Արմենիայի» ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում,  հուշագրի ստորագրման առցանց ձևաչափով արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան Արգենտինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը և Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգերան:

 

«Բացման խոսքով ելույթ ունեցան «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և Արգենտինայի ներդրումների և առևտրի խթանման գործակալության գործադիր նախագահ Խուան Ուսանդիվարասը:  Բանախոսներն իրենց ելույթներում կարևորեցին երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման և խթանման ջանքերը և ընդգծեցին այդ աշխատանքների շրջանակում երկու ազգային կառույցների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խորացմանը միտված հուշագրի ստորագրման կարևորությունը:

 

Փոխըմբռնման հուշագրով «Էնթերփրայզ Արմենիան» և Արգենտինայի ներդրումների և առևտրի խթանման գործակալությունը ամրագրեցին երկու երկրներում ներդրումային միջավայրը խթանելու գործընթացում փոխադարձ օժանդակություն ցուցաբերելու, փոխադարձաբար երկու երկրների գործարար շրջանակներին ըստ անհրաժեշտության աջակցություն տրամադրելու և երկու կողմերի միջև գործարար կապերը ամրապնդելու մտադրությունները: Հուշագրի ստորագրմամբ երկու կառույցները ամրագրեցին նաև իրենց մտադրությունները՝ համատեղ ջանքերով նպաստել Հայաստան-Արգենտինա գործարար ու ներդրումային կապերի զարգացմանը», - նշված է հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ "Էնթերփրայզ Արմենիա" հիմնադրամը Հայաստանի ներդրումների խթանման ազգային մարմին է, որի հիմնական առաքելությունը օտարերկրյա եւ ներքին ներդրումների ներգրավման խթանումն է, ՓՄՁ-ներին ֆինանսավորման տրամադրումն ու աջակցությունը:

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2021թ.  հունվարի 1-ի դրությամբ Արգենտինայից Հայաստան օտարերկրյա ներդրումների համախառն հոսքը կազմել է 306.7 մլրդ դրամ ($587 մլն) , որից ՕՈՒՆ-ի համախառն հոսքը կազմել է 164.6 մլրդ դրամ ($315 մլն): Նշենք, որ տարեկան կտրվածքով այս երկու ցուցանիշների դինամիկան բացասական է: