Շաբաթ, 21 Օգոստոսի 2021 13:38
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են ԱՄՀ-ի հետ համագործակցության հեռանկարները

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են ԱՄՀ-ի հետ համագործակցության հեռանկարները

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային նոր ներկայացուցիչ Մեհդի Ռայիսիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությունները։ Անդրադառնալով ՀՀ կառավարության գործունեության նոր ծրագրին` Մեհդի Ռայիսիին հետաքրքրվել է ծրագրում նախանշված առաջնահերթություններով։

Նախարար Քերոբյանը ներկայացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածը և նշել, որ կառավարության նոր ծրագիրն ուղղված է տարածաշրջանում մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարմանը։ Նա նաև տեղեկացրել է, որ նոր ծրագրով նախատեսվում է ձևավորել ներդրումների վրա հիմնված տնտեսություն։

Նախարարը խոսել է նաև տնտեսության կառուցվածքային փոփոխությունների մասին՝ ընդգծելով հողային, ջրային և անշարժ գույքի ոլորտներում նախատեսվող բարեփոխումների իրականացումը։

 

Նախարարը նշել է, որ առավել մեծ ուշադրություն է դարձվելու արտադրողականության բարձրացման վրա, ինչը ենթադրում է մոդերնիզացմանը և  թվային վերափոխմանը միտված քայլեր։  

Վահան Քերոբյանը նաև նշել է այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ է զարգացնել, դրանք են՝ մետաղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, դեղագործությունը, առողջապահությունը, թեթև արդյունաբերությունը։ Նա շեշտել է առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման անհրաժեշտությունը և ՀՆԱ-ում ՓՄՁ տեսակարար կշռի ավելացումը՝ մինչև 55 տոկոս։

Քննարկվել է նաև Հայաստանի՝ հանրային ներդրումային ծրագրերի տվյալների բազայի հարցը։ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում և հույս հայտնել, որ մինչև տարեվերջ համակարգը կներդրվի։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։  

Հիշեցնենք, որ մայիսյան կանխատեսման համաձայն, ԱՄՀ-ը 2021 թվականին ակնկալում է Հայաստանի ՀՆԱ-ի 1%-ի չափով աճ՝ մինչեւ 12.3 մլրդ դոլար (2020թ. փաստացի 7.6%-ով, մինչեւ 12.3 մլրդ դոլար անկման դիմաց), 2022թ. տեմպերի արագացմամբ՝ մինչեւ 3,5% կամ 13 մլրդ դոլար: