
Արմինֆո. Ուժի մեջ է մտել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ողջ պատմության ընթացքում 650 մլրդ դոլարի խոշորագույն SDR բաշխումը: Ինչպես նշվում է ԱՄՀ կայքում զետեղված հաղորդագրությունում, այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցմանը' Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին (Mehdi Raissi) հաղորդել է, որ, ԱՄՀ անդամների վճարած քվոտաներին համամասնորեն SDR-ի բաշխման համաձայն, Հայաստանի դեպքում հատկացվող գումարը կազմել է 123.4 մլն SDR (շուրջ 175.2 մլն դոլար' օգոստոսի 24-ի դրությամբ SDR-ի արժեքի օգտագործմամբ): Մ. Ռաիսին հստակեցրել է, որ 650 մլրդ դոլարը փոխառության ընդհանուր հատուկ իրավունքն է (SDR - Special Drawing Rights), որը Արժույթի միջազգային հիմնադրամը տրամադրել է իր բոլոր անդամ երկրներին, այլ ոչ թե՝ "նոր պահուստային վարկ":
SDR-ը միջազգային պահուստային ակտիվ է, որը ստեղծվել Է ԱՄՀ-ի կողմից անդամ երկրների միջազգային պահուստները համալրելու համար։ Դա ոչ թե արժույթ է, այլ SDR վարչության մասնակիցների (ներկայում ԱՄՀ բոլոր անդամները) ազատ օգտագործվող արժույթի պոտենցիալ պահանջ: SDR-ի արժեքը ամեն օր սահմանվում է ԱՄՀ-ի կողմից՝ SDR-ի զամբյուղում ներառված հինգ արժույթների հիման վրա (ԱՄՆ դոլար, Ճապոնական իեն, եվրո, ֆունտ ստեռլինգ եւ չինական յուան): SDR-ի այս բաշխումն ուժի մեջ է մտել 2021թ.օգոստոսի 23-ին ՝ ԱՄՀ անդամների վճարված քվոտաներին համամասնորեն։
Կ. Գեորգիեւան, ինչպես նշվում է ԱՄՀ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, ընդգծել է, որ այդ բաշխումը լուրջ խթան կծառայի համաշխարհային տնտեսության համար, իսկ խելամիտ օգտագործման դեպքում եզակի հնարավորություն կդառնա ընթացիկ աննախադեպ ճգնաժամի հաղթահարման համար: "Երկրները կարող են օգտագործել տրամադրված ֆինանսական ռեսուրսները ազգային տնտեսությանն աջակցելու եւ ճգնաժամի դեմ պայքարն ուժեղացնելու համար", - ասել է Կ.Գեորգիեւան:
Հիմնադրամի պաշտոնական կայքում պարզաբանվում է, որ SDR-ը բաշխվում է հօգուտ երկրների ՝ ԱՄՀ-ում քվոտաների իրենց բաժիններին համամասնորեն։ Այսպիսով, ըստ աղբյուրի, շուրջ 275 մլրդ դոլար կուղղվի ձեւավորվող շուկա ունեցող եւ զարգացող երկրների օգտին, որոնցից ցածր եկամուտ ունեցող պետությունները կստանան մոտավորապես 21 մլրդ դոլար, ինչը որոշ դեպքերում կազմում է ՀՆԱ-ի առնվազն 6 տոկոսը:
Նշենք, որ նախկին ԽՍՀՄ երկրների շրջանում SDR - ի վերոհիշյալ լրացուցիչ թողարկումը 2021 թվականին բաշխվում է ըստ ԱՄՀ-ում քվոտաների՝ հետեւյալ կերպ. առավելագույն 17,48 մլրդ դոլարը (երկրի միջազգային պահուստների 3 տոկոսը) ստացել է Ռուսաստանը, 2.725 մլրդ դոլար (9,6 տոկոս) ՝ Ուկրաինան, 1.569 մլրդ դոլար (2,5 տոկոս)՝ Ղազախստանը, 923 մլն դոլարը (12,3 տոկոս)՝ Բելառուսը, 746 մլն դոլարը (2,3 տոկոս)՝ Ուզբեկստանը, 531 մլն դոլար (1,1%)՝ Ադրբեջանը, 285 մլն դոլար (6,6%)՝ Վրաստանը, 236 մլն դոլար (18,6%)՝ Տաջիկստանը, 234 մլն դոլար (6,9%)՝ Մոլդովան, և ավելի քան 175 մլն դոլար (5,9%)՝ Հայաստանը: Ընդհանուր առմամբ, SDR-ի այս լրացուցիչ թողարկման շրջանակում ԱՊՀ պետություններին եւ Վրաստանին հատկացվել է 25 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ 2019թ. մայիսի 17-ին ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին եռամյա «տարանցիկ շրջանով» 180 մլն SDR (համարժեք է մոտ 248.2 մլն դոլարի) կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի շուրջ 139.75% - ի stand-by վարկային գծի տրամադրումը: Այդ գումարից նախատեսվում էր անհապաղ ստանալ 25.714 մլն SDR (մոտ 35.5 մլն դոլարին համարժեք), իսկ մնացած մասի տրամադրումը նախատեսված էր վեց կիսամյակային գնահատականների հիման վրա։
Մեկ տարի անց՝ 2020 թվականի մայիսի կեսերին, ԱՄՀ-ը Հայաստանին տրամադրեց 128.8 մլն SDR (մոտ 175 մլն դոլար) ֆինանսական աջակցություն, ինչը SBA-ի շրջանակներում կուտակված ռեսուրսները ներգրավելու իշխանությունների մտադրության հետ մեկտեղ թույլ տվեց ստանալ 206 մլն SDR (մոտ 280 մլն դոլար), որոնք ենթակա են վճարման անմիջապես: Այդ վարկային միջոցներն ուղղված են Հայաստանի տնտեսական հիմքերի եւ քաղաքականության ամրապնդմանը, ինչպես նաեւ կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես, կառավարման արդյունավետության բարձրացմանը եւ գործարար միջավայրի բարելավմանը: Իսկ 2020թ. դեկտեմբերի 11-ին ԱՄՀ-ը Հայաստանի համար հաստատեց եռամյա ծրագրի երրորդ փուլի արդյունքները՝ դրանով իսկ բացելով պահուստային ֆինանսավորման՝ 25.714 մլն SDR (գրեթե 36.7 մլն դոլար) ծավալով stand-By վարկի հասանելիությունը։ Այս ծրագրի շրջանակներում Հայաստանին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է 231.657 մլն SDR (շուրջ 315 մլն դոլար)։