
Արմինֆո. ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում այս պահին հիմնովին կառուցման ակտիվ փուլում են 14 դպրոցներ։
Ինչպես հաղորդում է փոխվարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունը, 3 դպրոցների կառուցման համար հայտարարված մրցույթներն ամփոփվում են, 5-ի դեպքում` իրականացվում են նախագծման աշխատանքներ։ 2021թ. արդեն մեկնարկել է երկու դպրոցի շինարարություն: Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմում է 107 միլիոն ԱՄՆ դոլար, որով Հայաստանում կառուցվելու են 46 դպրոցներ. 14-ը` Երևանում, 32-ը` մարզերում։ Նույն ծրագրով արդեն կառուցվել ու շահագործման են հանձնվել 7 դպրոցներ, որոնցից 1-ը (Երևանի թիվ 51 դպրոց)` այս տարի։
Հաղորդագրության համաձայն, հարյուրավոր աշակերտներ արդեն կրթություն են ստանում հարմարավետ պայմաններում։ Նորակառույց դպրոցները հարմարեցված են ներառական կրթության համար, ունեն վերելակ, հարմարավետ կահավորված դասասենյակներ, մարզադահլիճ, միջոցառումների դահլիճ, հագեցած լաբորատորիաներ։ Դպրոցների կարևորագույն առավելությունը սեյսմակայունությունն է, շուրջ 20 հազար դպրոցականի` անվտանգ կրթության ապահովումը։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում 2015 թվականին Տարածքային զարգացման հիմնադրամը ձեռնամուխ է եղել Հայաստանում դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրի իրականացումը: Ծրագրի ընդհանուր բյուջեից ԱԶԲ-ի վարկը կազմում է 88.5 մլն դոլար, իսկ կառավարության համաֆինանսավորումը' 18.5 մլն դոլար: