Երկուշաբթի, 6 Սեպտեմբերի 2021 17:41
Նաիրա Բադալյան

Հայաստանի զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման պետական ծրագրի շահառուները շուրջ 6 մլրդ դրամի աջակցություն են ստացել

Հայաստանի զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման պետական ծրագրի շահառուները շուրջ 6 մլրդ դրամի աջակցություն են ստացել

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2021 թվականի օգոստոսի 31-ը):

 

ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, միջոցառման նպատակն էր օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:

Միջոցառումն իրականացվել է շուրջ մեկ տարի` 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հունիսը ներառյալ: Այդ ընթացքում ՊԵԿ-ը  յուրաքանչյուր ամիս ուսումնասիրել է միջոցառման պոտենցիալ շահառու հանդիսացող տնտեսվարողների գործունեության բազմաթիվ ցուցանիշները (աշխատատեղերի թվաքանակ, իրացման շրջանառություններ և այլն), որի արդյունքում  1421 տնտեսվարող սուբյեկտների տրամադրվել է շուրջ 6 մլրդ. դրամի աջակցություն:

 

Հիշեցնենք, որ ըստ ծրագրի ՝ կառավարությունը զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին անհատույց աջակցություն է տրամադրում որպես աշխատավարձի ֆոնդի 25 կամ 30 տոկոսի չափով դրամաշնորհներ ՝ կախված աշխատատեղերի քանակից։ Աջակցության հավակնող կազմակերպությունը պետք է ստեղծված լինի մինչեւ 2020 թվականի մարտը, ունենա առնվազն 3 աշխատակից եւ ստանա հյուրանոցային բիզնեսի եւ զբոսաշրջության տուժած ոլորտներում եկամուտների մինչեւ 70 տոկոսը: Ավելի մեծ աջակցություն կստանան այն կազմակերպությունները, որոնք, չնայած եկամուտների կրճատմանը, պահպանել են աշխատատեղերի առնվազն 70 տոկոսը ։