Երեքշաբթի, 7 Սեպտեմբերի 2021 15:26
Կարինա Մելիքյան

ՀՀ ԿԲ նախագահն ու ԵԱԶԲ վարչության նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր

ՀՀ ԿԲ նախագահն ու ԵԱԶԲ վարչության նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր

Արմինֆո.​Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի գլխավորած պատվիրակությանը:

         

Ինչպես հաղորդել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ողջունելով հյուրերին, ԿԲ նախագահը նշել է, որ Բանկն իր գործուն մասնակցությունն է ունենում Հայաստանի տնտեսության զարգացման գործում:  

          

Մարտին Գալստյանն անդրադարձել է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացումներին, կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և բարեփոխումներին, ներկայացրել է ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը: 

 

Նիկոլայ Պոդգուզովը բարձր է գնահատել գործակցությունը Հայաստանի պետական կառույցների հետ՝ ընդգծելով ԿԲ և ԵԱԶԲ արդյունավետ գործընկերության փաստը: 

         

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ծրագրեր, որոնցում ԵԱԶԲ-ն կարող է դերակատարում ունենալ:

 

Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Արդեն 15 տարի է, ինչ ԵԱԶԲ-ն աջակցում է տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և անդամ երկրների ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համակողմանի զարգացմանը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար: ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասն զբաղեցնում են տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ մեքենաշինության ոլորտներում ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծերը: Իր գործունեության ընթացքում Բանկն առաջնորդվում է ՄԱԿ-ի կայուն զարգացման բնագավառի նպատակներով և ESG սկզբունքներով: