Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի եւ Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին եւ ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար կարեւորագույն գործընկերներից մեկն է, ինչը պայմանավորված է ոչ միայն համագործակցության ֆինանսական բաղադրիչով, այլեւ այն փիլիսոփայությամբ, որ կազմակերպությունը բերում է Հայաստան՝ դրանով իսկ նպաստելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի զարգացմանը: Ըստ նախարարի՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության մակարդակը բավականին բարձր է, եւ առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ առաջ մղելու եւ արդյունավետ իրականացնելու բոլոր համատեղ ծրագրերն ու գաղափարները: Տիգրան Խաչատրյանը կարեւորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը եւ առանձնակի շեշտադրել Հայաստանում կապիտալ շուկայի զարգացմանը նպաստող քայլերի կարեւորությունը:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ՎԶԵԲ ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ջերմ խոսքերի համար, շնորհավորել է թե՛ նախարարնին՝ պաշտոնը ստանձնելու, թե՛ ՀՀ կառավարությանը արձանագրած ձեռքբերումների առիթով, ինչպես նաեւ հայտնել է ՎԶԵԲ պատրաստակամությունը մաս կազմելու եւ նպաստելու Հայաստանի հետագա զարգացմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության առանցքային ուղղությունների, մասնավորապես՝ ենթակառուցվածքային ծրագրերի եւ դրանց հեռանկարի շուրջ: Երկուստեք կարեւորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը՝ ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից:
ՎԶԵԲ-ն առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է Հայաստանում եւ ակտիվորեն աշխատում է տնտեսության բոլոր ոլորտներում: 1992 թվականին սկսելով իր գործունեությունը Հայաստանում՝ 2020 թվականի հունիսի սկզբի դրությամբ բանկը Հայաստանում ներդրել է 1,36 մլրդ եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկ ոլորտների 178 նախագծերում, ընդ որում, ներդրումների 90 տոկոսն արվել է մասնավոր հատվածում: Ինչպես հայտարարել է բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն 2021 թվականի փետրվարի 19-ին կայացած փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական 18-րդ նիստում, 2020 թվականին Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործառնությունների ծավալը կազմել է ռեկորդային 160 միլիոն եվրո, որի շուրջ 93 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: