Արմինֆո.Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, հաղորդում է "Ճանապարհային դեպարտամենտ" ՊՈԱԿ-ը:
«Արդեն ավարտվել են հորատման աշխատանքները, կատարվում է կամրջի հիմքերի ամրանավորում և բետոնացում։ Կամրջի կառուցումն ընթանում է շինարարական փուլի աշխատանքային պլանին համապատասխան: Կառուցման մեկնարկը տրվել էր այս տարվա գարնանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 9 մլն եվրո, որից 7,2 մլն եվրոն հանդիսանում է ՎԶԵԲ-ի տրամադրած վարկային միջոց, 1,8 մլն եվրոն՝ երկու երկրների բյուջետային միջոցներ։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը», - ասվում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի հաղորդագրությունում, որն իրականացնում է կամրջի շինարարության ծրագիրը։
Հիշեցնենք, որ նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված "Հայաստանի հյուսիսային սահմանային կետերի արդիականացման ծրագիր" վարկային ծրագրի շրջանակներում: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ "Բարեկամության կամուրջ" կառուցելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին: Նախագծի համաձայն՝ "Բարեկամություն" կամուրջը լինելու է 4-գծանի, ինչը հնարավորություն կտա ավելացնել երկու պետությունների միջեւ բեռնափոխադրումների ծավալները, բարձրացնել ուղեւորների սպասարկման որակը: Նոր ենթակառուցվածքային նախագիծը թույլ կտա տնտեսել նաեւ փոխադրողների ժամանակը, անցակետով մարդկանց անցումը 15 րոպեից կնվազի մինչեւ 5 րոպե, իսկ բեռները ՝ 75 րոպեից մինչեւ 25 րոպե: Երկու առանձին զուգահեռ կամուրջներ կկառուցվեն միմյանցից մեկ մետր հեռավորության վրա ։ Մեկ կամուրջը նախատեսված է մուտքի համար, մյուսը ՝ ելքի համար։ Կառուցվող կամրջի բարձրությունը կկազմի 18 մետր, լայնությունը ՝ 11,8 մետր, երկարությունը ՝ 200 մետր։ Յուրաքանչյուր ուղղությամբ կկարողանա անցնել երեքական փոխադրամիջոց։