Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021 12:07
Դավիթ Ստեփանյան

Փորձագետ. Եվրոպայում գազի գների ռեկորդային աճը եւ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացում

Փորձագետ. Եվրոպայում գազի գների ռեկորդային աճը եւ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացում

Արմինֆո.Եվրոպայում գազի գնի ռեկորդային աճը եւ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար տեսականորեն նոր հնարավորություններ են բացում ռուսական գազի գործող գնի իջեցման ուղղությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։

 

Սեպտեմբերի 15-ին Եվրոպայում գազի գինը ICE բորսայում սակարկությունների ընթացքում գերազանցել է 1000 խմ դիմաց  840 դոլարը, վկայում են առեւտրային հարթակի տվյալները: Նիդերլանդներում TTF հաբի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը 10:07 դրությամբ հասել է 842,5 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց:

 

"Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար ռուսական գազի գնի նվազեցումը պահանջում է տարրական բան. Հայաստանի կառավարությունը պետք է հասկանա, թե ինչ բան է էներգետիկ դիվանագիտությունը։ Էներգետիկ շուկայի միտումները գիտակցելու, առավել ևս, վերլուծելու, հաշվարկելու և կանխատեսելու համար անհրաժեշտ են համապատասխան ինստիտուտներ, լոբբիստական կառույցներ։ Առանց դրա էներգետիկ դիվանագիտությունը մնում է դատարկ ձայն", - կարծում է փորձագետը։

 

Եվրոպական բորսաներում ընթացիկ իրավիճակը Դավթյանը պայմանավորում է համաշխարհային տնտեսության  կողմից կորոնավիրուսային համավարակի հետեւանքով եւ հետագա կաթվածահարությամբ առաջացած շոկի հաղթահարմամբ: Ինչպես նաև եվրոպական շուկայում ՌԴ ազդեցության զգալի ավելացմամբ, այդ թվում ՝ "Յամալ-Եվրոպա" առանցքային գազամուղի շահագործման ժամանակավոր կասեցման հետևանքով ձևավորված գազի դեֆիցիտի միջոցով։

 

Նշելով, որ "Գազպրոմ" ՀԲԸ բյուջեում ամրագրված է 1000 խմ դիմաց 170 դոլար գազի արտահանման գինը, փորձագետն ընդգծել է, որ գազի իրացումը ներկայիս գներով ընկերությանը թույլ կտա հսկայական գերշահույթ ստանալ: Ինչն, իր հերթին, ստեղծում է առանցքային եւ ավանդական գործընկերների նկատմամբ ռուսական ընկերության սակագնային քաղաքականության էական մեղմացման հնարավորություն: Հաշվի առնելով նման հնարավորության ի հայտ գալը՝ Հայաստանի դեպքում, Դավթյանի կարծիքով, ամեն ինչ կախված է Երեւանի դիրքորոշումից եւ քայլերից։

 

Այս ուղղությամբ ելքը փորձագետը համարում է Հայաստանի անցումը գազի սփոթային առևտրին, ինչը, սակայն, պահանջում է համապատասխան բորսաների ստեղծում։ Այս լույսի ներքո՝ Դավթյանն անհեթեթություն է համարում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախորդ տարվա նամակը "Գազպրոմի" ղեկավար Ալեքսեյ Միլլերին՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը վերանայելու խնդրանքով։ Նրա գնահատմամբ ՝ "Գազպրոմը" չի պատասխանել եւ չէր կարող պատասխանել այդ նամակին՝ երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա գազի առեւտրի եւ գազի սփոթային առեւտրի տարրական գոյության պատճառով, որը նախատեսում է գնային տատանումներ:

"Եվս մեկ խնդիր է "Գազպրոմի" կողմից Հայաստանի հետ ավելի կարճաժամկետ գազային պայմանագրերի կնքումը՝ քան նախկինում։ Այսպիսով, եթե նախկինում պայմանագրերը կնքվել են մեկ տարի ժամկետով, ապա այժմ դրանց ժամկետները տատանվում են 3-4 ամսվա սահմաններում: Իսկ դա խոսում է Հայաստանի կառավարության նկատմամբ անվստահության մասին։ Հայաստանի շահերի պատշաճ պահպանման ճանապարհին եւս մեկ խոչընդոտ է այն, որ, որպես կանոն, Մոսկվայի եւ Երեւանի միջեւ ողջ գազային դիվանագիտությունը սահմանափակվում է առաջինի կողմից որոշման կայացմամբ եւ այդ որոշման հետ վերջինի համաձայնությամբ", - ամփոփել է փորձագետը: