
Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև կրկնակի հարկումը բացառելու և եկամուտների հարկումից խուսափելը կանխելու մասին" ՀՀ օրենքի նախագծին:
ՀՀ կառավարությունը դեռևս մարտի 18-ին վավերացրել է 2019 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրված համաձայնագիրը։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել վավերացնել փաստաթուղթը՝ "Միջազգային պայմանագրերի մասին" ՀՀ օրենքին համապատասխան։
ՀՀ պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ Հայաստանը համանման պայմանագրեր ունի արդեն 47 երկրների հետ։ Այդ համաձայնագրերի նպատակն է վերացնել կրկնակի հարկումը երկու պետությունների միջեւ արտաքին առեւտրում, թույլ չտալ հարկային խտրականություն կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, բացառել գույքի եւ եկամուտների կրկնակի հարկումը, ինչպես նաեւ ստեղծել բիզնեսի համար կանխատեսելի եւ կայուն հարկային միջավայր: