Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021 16:09
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Սլովակիան դիտարկում են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հայաստանն ու Սլովակիան դիտարկում են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Բաբայանը, նախարարության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և Ավստրիական զարգացման գործակալության ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի դեսպան պարոն Միրոսլավ Հացեկի հետ:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները: Դեսպան Հացեկը բարձր է գնահատել կատարվող աշխատանքները և պատրաստակամություն հայտնել աջակցել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը:

 

Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի, Սլովակիայի գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարության, ինչպես նաև գենետիկական կենտրոնի և Գյուղատնտեսական հետազոտությունների և թեստավորման կենտրոն այցերից և քննարկումներից հետո հնարավորություն կընձեռվի ներկայացնել գիտական, կրթական և գյուղատնտեսությանը վերաբերող նոր ծրագրեր, որոնց իրականացումը երկուստեք պետությունների համար կհանդիսանա շահավետ: Հանդիպման մյուս մասնակիցները նույնպես բարձր են գնահատել կատարվող աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի դեսպանատան և Ավստրիական զարգացման գործակալության հետ տեղի ունեցած քննարկումների և աշխատանքների շրջանակներում հնարավորություն է առաջացել իրականացնել այց Սլովակիայի հանրապետություն, ծանոթանալու գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող աշխատանքներին, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին:

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ առեւտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-հուլիսին աճել է 85,3 տոկոսով' կազմելով 12,7 մլն դոլար: Ընդ որում արտահանումն աճել է 8,2 անգամ՝ մինչեւ 6,5 մլն դոլար՝  ներմուծման 2,6 տոկոսով, մինչեւ 6,2 մլն դոլար աճի դեպքում: