Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021 16:30
Նաիրա Բադալյան

Անկանխիկ հաշվարկը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք. 2022 թվականից Հայաստանն առավելագույնս կսահմանափակի "կանխիկ" շրջանառությունը

Անկանխիկ հաշվարկը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք. 2022 թվականից Հայաստանն առավելագույնս կսահմանափակի "կանխիկ" շրջանառությունը

Արմինֆո.  Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների  նախագծերի փաթեթին:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, օրինագծերի  նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը: Ըստ հիմնավորման,  սահմանափակումներ են դրվել նաև կանխիկ միջոցների  ծախսային և եկամտային մասերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում՝ այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ: Մասնավորապես, նախագծով սահմանվել է, որ ՀՀ տարածքում անձանց միջև 2022 թ. հունվարի 1-ից ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման,  աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը և այլ գործարքները իրականացվելու են անկանխիկ ձևով՝ աստիճանակարգված ձևով: Ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երևան քաղաքի և մարզերի միջև ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Այդ պատճառով անկանխիկ  վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են ըստ վայրերի և սահմանվել են (Երևան, մարզկենտրոններ, այլ քաղաքային վայրեր) անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ:

 

Օրինագծերի փաթեթով քաղաքացիների համար կստեղծվեն պայմաններ՝  անկանխիկ վճարումների իրականացման համար: Մասնավորապես՝ նախատեսվել է խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրման դրույթներ: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ուժեղացնել հարկային վարչարարությունը և պայքարել ստվերային տնտեսության դեմ: Նախագծերի փաթեթում նախատեսվել է նաև անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը և (կամ) ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ: Անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել ստվերային և դրանով պայմանավորված ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ և այլն), որտեղ կանխիկի սահմանափակումները կօգնեն հասնելու սահմանված նպատակներին:  Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նաև միջազգային շուկայում շարունակաբար զարգացող, տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների/միջոցների (QR կոդեր, անհպում և այլ տեխնոլոգիաներ, ակնթարթային վճարումներ)՝ տնտեսության  տարբեր ոլորտներում, այդ թվում՝  պետական վճարումների ոլորտում, ներդրման  և բնակչության լայն խավերի կողմից կիրառման համար՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության որդեգրած՝ ՏՏ ոլորտի առաջատար մշակող և կիրառող երկիր ստանձնելու ստրատեգիկ նպատակին:

 

Անդրադառնալով օրինագծին՝ վարչապետ Փաշինյանը այդ համատեքստում կարևորել է հակակոռուպցիոն իմաստը: «Անկանխիկ գործարք նշանակում է հետագծելի գործարք: Եվ մենք այս առոմով հակակոռուպցիոն քաղաքականության մեջ մեր հետևողականությունն ենք դրսևորում և այս ճանապարհով շարունակելու ենք գնալ: Գործարքների հետագծելիությունը մեզ համար պետական բյուջեի եկամուտներն ապահովելու առումով նույնպես լրացուցիչ հնարավորություններ են  ստեղծում, որովհետև այս պարագայում հարկերից խուսափելը, շրջանցելը ավելի դժվար է դառնում և վարչարարությունն ավելի հեշտ է դառնում: Անկանխիկի շրջանառությունը, իհարկե, էականորեն մեծացնում է նաև պետական ֆինանսների օգտագործման արդյունավետությունը»,-ասել է կառավարության ղեկավարը:

 

Նիկոլ Փաշինյանն օրենսդրական նախաձեռնությունը կարևորել է նաև թվայնացման համատեքստում. «Ժամանակակից աշխարհում կա այսպիսի մի հասկացություն, որը գուցե առաջին հայացքից այնքան էլ լավ չի հնչում, բայց շատ կարևոր է՝   թվային հասարակության ձևավորման աշխատանքը: Դա  արդյունավետ, ժամանակակից և զարգացող հասարակության հոմանիշն է, և անկանխիկ շրջանառության մեծացումը մարդուն դարձնում է ավելի ընկալունակ թվային ոլորտի, կառավարման և  բարեփոխումների նկատմամբ»:

 

Այդ առումով վարչապետն  ընդգծել է հիմնական չորս անելիքերը ոլորտում. «Առաջինը՝ մենք պետք է լրջորեն խթանենք Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից չափանիշներին համապատասխանող նույնականացման քարտերի շրջանառումը, երկրորդը՝ ներդրված է և պիտի էականորեն հեշտացնենք և հասանելի դարձնենք էլեկտրոնային ստորագրությունների կիրառումը, երրորդը՝ պետք է այս երկու համակարգերը կապենք բջջային հեռախոսի հետ, հեռախոսահամարի հետ: Եվ չորրորդ՝ պետք է այս ամենը կապենք մարդու ֆինանսական գործունեության հետ: Այս չորս ուղղություններով զարգացումը շատ կարևոր է, որպեսզի մարդը կարողանա բջջային հեռախոսով կատարել վճարումներ, ստանալ և վճարել գումարներ, կնքել գործարքներ»:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ օրենդրական նախաձեռնության ընդունումը  հարակից նպաստավոր արդյունքներ է ունենալու,  տնտեսության, կրթության, պետական կառավարման ոլորտներում ունենալու ենք բոլորովին այլ իրավիճակ: «Այս ամենն ասում եմ՝ ունենալով նախկին փորձը: Գիտեմ, պիտի հիմա ամենատարբեր փաստարկները բերեն, թե ինչքան կարևոր է կանխիկի շրջանառությունը չկրճատելը: Այո, այդպիսի փաստարկներ հնչելու են, ընդ որում՝ հղում է արվելու սոցիալապես ամենախոցելի խավերի շահերին, բայց մենք առավելագույնը կանենք: Նախ՝ սոցիալապես ամենախոցելի խավերի շահերին առավել արդյունավետ սպասարկման համար նույնպես թվայնացումը ընդհանուր առմամբ  չափազանց կարևոր է: Եկեք արձանագրենք՝ սա երկարատև քննարկումների արդյունքում կայացրած քաղաքական որոշում է, որը հերթական, բայց վերջին քայլը չէ: Մենք պետք է ամեն ինչ անենք Հայաստանի Հանրապետությունում կանխիկի շրջանառությունը նվազագույնի հասցնելու համար»,-ասել է կառավարության ղեկավարը: