Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021 13:57

Հայաստանի ԿԲ-ը ԱՊՀ 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկել

Հայաստանի ԿԲ-ը ԱՊՀ 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկել

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկը 2021 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դնում «Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակ» արծաթե հուշադրամը: Այդ մասին հաղորդել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 

«Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) միջպետական միավորում է, որը հիմնադրվել է 1991 թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի ստորագրմամբ: Համաձայնագրով հիմնվելով ժողովուրդների պատմական միասնության և նրանց միջև կապերի վրա, հաշվի առնելով պետությունների մտադրությունը՝ զարգացնելու իրենց հարաբերությունները պետական ինքնիշխանության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա, կողմերը պայմանավորվեցին ԱՊՀ կազմավորման շուրջ:

 

Ներկայում ԱՊՀ անդամներն ինը պետություններ են, որոնց համատեղ գործունեության հիմնական ուղղություններն են տնտեսական ինտեգրումը, հումանիտար, քաղաքական, իրավական և անվտանգության մարմինների ոլորտային համագործակցությունը, միասնական տեղեկատվության հարթակի ձևավորումը:

ԱՊՀ-ն հիմնված է անդամ պետությունների ինքնիշխանության հավասարության սկզբունքների վրա և ծառայում է այդ երկրների միջև բարեկամության, բարիդրացիության, ազգամիջյան ներդաշնակության, վստահության, փոխըմբռնման և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

 

Հուշադրամի տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը                1000 դրամ

Մետաղը/հարգը                         արծաթ 9250

Քաշը                                          33,6 գ

Տրամագիծը                               38,61 մմ

Որակը                                        պրուֆ

Դրամաշուրթը                           ատամնավոր

Թողարկման քանակը               500 հատ

Թողարկման տարեթիվը           2021

 

Դիմերես՝ ՀՀ զինանշանը, խաղողի ողկույզ՝ ԱՊՀ անդամ պետությունների քանակը խորհրդանշող հատիկներով, հայկական զարդանախշ:

 

Դարձերես՝ ԱՊՀ պատկերանիշը:

 

Էսքիզների հեղինակներ` Էդուարդ Կուրղինյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

Ծանուցում

 

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

 

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

 

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

 

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար», - ասվում է հաղորդագրությունում: