Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, որոնք միտված են Հայաստանը կրկին բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելուն։
ԲՏԱ նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, անդրադառնալով Հայաստանի տնտեսությունը նորագույն տեխնոլոգիաներով վերազինելու անհրաժեշտությանը՝ նախարարը կարևորել է ռուսական ընկերությունների, գիտական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնումը: Խաչատուրյանը նշել է նաև, որ ակնկալում է ռուսական կողմի աջակցությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գործարանների վերագործարկման, նորարարական տեխնոլոգիաներով վերազինման, արտադրության խթանման, թվայնացման, ինտերնետ կապի գործարկման հետ կապված հարցերում:
Դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդյունավետ է գնահատել երկու երկրների միջև շարունակական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադառնալով World Expo-2030 համաշխարհային ցուցահանդեսը Մոսկվայում անցկացնելու Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացրած հայտին՝ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը, իբրև ռազմավարական գործընկեր, իր մասնակցությունն ու աջակցությունը կցուցաբերի ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման գործում:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել ոլորտային փոխգործակցության շրջանակները:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Միխայիլ Կոռոլյովը նշել է, որ համատեղ նորարարական ծրագրերի իրականացման, տեխնիկապես բարդ սարքավորումների բաղադրիչների մշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով հայ ինժեներների և տեխնիկական մասնագետների համապարփակ գնահատում է կատարվում և համոզմունք է հայտնել, որ ոլորտում փոխգործակցության խորացման մեծ ներուժ կա:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |