Արմինֆո.Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում բիզնես հանրության ներկայացուցիչների հետ ակտիվորեն քննարկվում է երկրում բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման հարցը:
Գործարար հատվածի ներկայացուցիչների կարծիքով, ներկայումս հանրապետությունում բացակայում են գործարարների շահերի պաշտպանության մեխանիզմները, որոնց շահառուներն անվերապահ վստահություն ցուցաբերեին, մինչդեռ, այդ մեխանիզմի միջոցով հնարավոր կլիներ հասնել խախտված իրավունքների շուտափույթ վերականգնմանը, հատկապես, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Էկոնոմիկայի նախարարությունում, ձեռնարկատերերի շահերի պաշտպանությունը, հիմնականում, իրականացվում է պետական հատվածում եւ գործարարների շահերը պաշտպանող ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով: Բայց թե մեկի, թե մյուսների հնարավորությունները կանոնակարգված չեն և խիստ սահմանափակ են։
Օրերս նախարարությունում գործարրաների հետ համատեղ նիստում ընդգծվել է, որ մի շարք երկրներում գործում են գործարարների շահերի պաշտպանության մարմիններ, որոնք կոչված են պատշաճ շփումներ ապահովել գործարարների եւ պետական կառույցների միջեւ: Այսպիսով, բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը բիզնեսի շահերի պաշտպանության լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ կստեղծի, կխթանի ներդրումների ներգրավումը, կապահովի բիզնես հայտերի արդյունավետ եւ ժամանակին մշակումը, կնպաստի բիզնեսի խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնմանը, դրանով իսկ կբարելավի գործարար միջավայրը եւ կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: Ինստիտուտը կստեղծի նաեւ ավելի արդյունավետ երկխոսության հիմք, օրինակ, գործարար միջավայրի բարելավման, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու համար գործարարների կողմից առաջարկվող իրավական ակտերի ընդունման նախադրյալներ:
Այդ կապակցությամբ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է լրացուցիչ քննարկումներ կազմակերպել մասնավոր եւ պետական հատվածների միջեւ երկխոսության շրջանակներում եւ կոնկրետ առաջարկներ ներկայացնել կառավարություն եւ, հնարավոր է, օրենսդիր իշխանություն: