Արմինֆո.Ռուսաստանի ամենահեղինակավոր Simple Wine News գաստրոամսագրի նոր համարը նվիրված է Հայաստանի գինու և գաստրո մշակույթին. Հայաստան՝ գինու արահետ: Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով և համաֆինանսավորմամբ Հայաստան էին ժամանել Ռուսաստանի ամենահեղինակավոր Simple Wine News գաստրոամսագրի գլխավոր խմբագիրը և լրագրողները։ Այցն ուներ մեկ նպատակ՝ նորովի բացահայտել Հայաստանի գաստրո և գինու զբոսաշրջությունը և, իհարկե, փոխանցել տպավորություններն ընթերցողներին։ Արագածոտնից մինչև Վայոց Ձոր, Արմավիրից ու Արարատից մինչև Տավուշի մարզ՝ շրջելով գինեգործական մարզերով, այցելելով ավելի քան 30 գինեգործական ընկերություն և փորձելով հայկական հին ու նորանուն 180-ից ավել գինի և կոնյակ և, իհարկե, համադրելով դրանք հայկական խոհանոցի լավագույն համադամ ուտեստների հետ՝ ամսագրի ստեղծագործական թիմը Հայաստանի գինու և գաստրո մշակույթին նվիրեց մի ամբողջ հրատարկություն, որը երկար կծառայի որպես ուղեցույց Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար։
"Դեռ 15 տարի առաջ Հայաստանը համարվում էր թունդ խմիչքների մասնագետների շարքում, իսկ լավ գինիներ արտադրող երկրի մասին խոսք անգամ չկար։ Սակայն տասնյակ տարիների ընթացքում երկիրն այնքան գլխապտույտ եւ հաջող նետում է կատարել ժամանակակից խաղողագործության եւ գինեգործության գոտում, որ տպավորիչ հաջողություններն ակնհայտ են դարձել", - ասված Է SWN ուղեցույցում:
Նշենք, որ Simple Wine News-ը թողարկվում է տարին 8 անգամ եւ տարածվում է ռուսական խոշոր քաղաքներում: Հրատարակությունը նվիրված է գինեգործության, գինեգործության, գինու սպառման մշակույթի, գաստրոնոմիայի եւ ռեստորանային բիզնեսի բոլոր ասպեկտներին: Simple Wine News-ը պարբերաբար անցկացնում է սեփական համտեսումները, որոնց մասնակցում են հայտնի գինու փորձագետներ, քննադատներ եւ սոմելյեներ: Հրատարակությունը նախատեսված է գինու գիտակների, ինչպես նաեւ գինու շուկայի մասնագետների լայն լսարանի համար:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրված գինու ծավալը կազմել է 7.9 մլն լիտր' տարեկան 43.7% աճով, 2020թ. հունվար-օգոստոս ամիսներին 24.2% անկման դիմաց: