
Արմինֆո.Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են ակտիվացնել ներդրումային համագործակցությունն արդյունաբերության ոլորտում։ Հայ-ռուսական 8-րդ միջտարածաշրջանային համաժողովում "Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում" կլոր սեղանի ընթացքում կողմերը մշակել են ներդրումների ներգրավման միասնական մոտեցումներ:
Այդ մասին համաժողովի հարթակներում հաղորդել է կլաստերների, տեխնոպարկերի և ՀՏԳ (հատուկ տնտեսական գոտիներ) ասոցիացիայի նախագահ Անդրեյ Շպիլենկոն։
Մասնավորապես, նա ընդգծել է, որ մինչեւ այս կամ այն նախագծում ներդրումներ կատարելու որոշում կայացնելը բիզնեսը միշտ պետք է ցույց տա, առաջին հերթին, իրեն ձեռնտու մեխանիզմները: "Նման համաժողովներն անհրաժեշտ են դիրքորոշումները մոտեցնելու, ներդրումներ կատարելու պատրաստ շահագրգիռ գործարարներին գտնելու համար", - հավելել է նա:
Իր հերթին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական զարգացման վարչության պետ Արմեն Եղոյանը պատմել է, որ կլոր սեղանի ընթացքում խոսվել է կոնկրետ նախագծերի, ծրագրերի, առկա հնարավորությունների մասին: "Իհարկե, կարելի է ասել, որ վերջիններիս իրագործումն իրականացվում է ոչ պատշաճ մակարդակով։ Այդ պատճառով այս հարցում ինտենսիվ աշխատանք է պետք", - հավելել է նա ։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջտարածաշրջանային համաժողովն անցկացվում է 2011 թվականից ՝ երկու պետությունների տարածքային միավորների միջեւ համագործակցության ընդլայնման նպատակով:
Նշենք, որ Ռուսաստանն ավանդաբար հանդիսանում է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ս. թ. հունվար-օգոստոսին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1.5 մլրդ դոլար, ինչը 12%-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Ընդ որում, արտահանումն աճել է 30,9 տոկոսով ՝ մինչեւ 522 մլն դոլար, ներմուծումը՝ 4%-ով' մինչև 1 մլրդ դոլար: