Արմինֆո. Հայաստանի համար ռուսական գազի գինը կպահպանվի, եթե հաջողվի ապահովել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի անհրաժեշտ շահութաբերություն։ Այդ մասին հոկտեմբերի 19-ին լրագրողներին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ինչպես նշել է փոխվարչապետը, Հայաստանի համար գազի գնի շուրջ "Գազպրոմի" հետ բանակցությունները անընդհատ գործընթաց է, որը շարունակվում է մինչ օրս: "Մենք կոնսենսուս ունենք սահմանին գազի գնի և Հայաստանում գործող սակագնի վերաբերյալ, քանի որ դեռևս 2019 թվականից մենք բարդ բանակցություններ ենք վարում, և, կարծում եմ, որ մենք մանրամասն քննարկել ենք այդ հարցը, և, որոշ առումով, համաձայնեցրել ենք", - հայտարարել է նա:
Ընդ որում, ինչպես ընդգծել է Գրիգորյանը, "Գազպրոմ" խմբի հետ գլոբալ առումով խնդիր կա"։ "2013 թվականի պայմանագրով կառուցվել է 5-րդ էներգաբլոկը՝ էլեկտրաէներգիա արտադրող ջերմաէլեկտրակայանը։ Ցավոք, հիմա ՋԷԿ չի աշխատում: Միաժամանակ, "Գազպրոմի" բոլոր ներդրումները Հայաստանում (կայանում ներդրվել է 250 մլն դոլար - խմբ.) նույն համաձայնագրով պետք է ունենան տարեկան մոտ 9 տոկոս եկամտաբերություն։ Էլեկտրակայանի կառուցումը լուրջ եւ խոշոր ներդրում է, սակայն այսօր այդ ներդրումները չեն գեներացնում այն շահույթը, որը կապահովի 2013 թվականի համաձայնագրով նախատեսված եկամտաբերությունը", - պարզաբանել Է Գրիգորյանը։ Նրա խոսքով ՝ այդ հարցն օրակարգում է, քննարկումը շարունակվում է։ "Եթե հաջողվի լուծել այդ հարցը, գազի գնի առումով շատ կայուն իրավիճակ կլինի", - նշել է նա:
Փոխվարչապետը հիշեցրել է, որ աշխարհում շուրջ 900 դոլար գազի գնի պայմաններում Հայաստանը սահմանին գազը գնում է 165 դոլարով: "Բայց այս մասով էլ տեսանելի ապագայում խնդիրներ չեն առաջանա, եթե մեզ հաջողվի լուծումներ գտնել 5-րդ էներգաբլոկի համար, գտնել աշխատանքի օպտիմալ ռեժիմ, որը կհամապատասխանի 2013 թվականի համաձայնագրի տրամաբանությանը", - ասել է Մհեր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ "Գազպրոմի" ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ին գազի մատակարարման պայմանագրին կից: Հայաստանի համար գազի գինը Վրաստանի հետ սահմանին 2019թ. սկզբից սահմանվել է 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։ 2019 թվականի հունվարի 1-ից ավարտվել է Երեւանի եւ Մոսկվայի միջեւ 5-ամյա համաձայնագրի գործողության ժամկետը, որի հիմքում դրված էր 150 դոլար գինը: "Գազպրոմ էքսպորտ" ՍՊԸ-ն և "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն 2020թ. դեկտեմբերի 30-ին երկարաձգել են Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը՝ մինչեւ 2021թ. առաջին եռամսյակ։
2021 թվականի սեպտեմբերի 15-ին խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, թե "Գազպրոմը" պնդում է, որ 2013 թվականի համաձայնագրի շրջանակներում փաստաթղթում ամրագրված շահույթի չափը չի բավարարում իրենց: "Բայց դա աշխատանքային գործընթաց է, եւ ես ձեռնպահ կմնամ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելուց, քանի որ բանակցային գործընթացը շարունակվում է, եւ գազի գնի առումով որեւէ անսպասելի բան չեմ ակնկալում", - հայտարարել էր Մհեր Գրիգորյանը:
Նշենք, որ Հրազդանի ՋԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի արժեքը ամենաբարձրերից է (մոտ 32 դրամ 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար):
"Գազպրոմը" ներքին սպառման համար Հայաստան գազի միակ մատակարարն է։ Ռուսական "երկնագույն վառելիքի" մատակարարումները Հայաստանի սպառողներին իրականացվում են "Գազպրոմ Արմենիա" ընկերության կողմից՝ Վրաստանի տարածքով տարանցմամբ: