Երեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2021 18:52
Ալինա Հովհաննիսյան

Դմիտրի Վոլվաչ. Ռուսաստանն ավելի քան 1 մլրդ դոլար կներդնի Հայաստանի տնտեսության մեջ

Դմիտրի Վոլվաչ. Ռուսաստանն ավելի քան 1 մլրդ դոլար կներդնի Հայաստանի տնտեսության մեջ

Արմինֆո. Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներս Հայաստանի տնտեսության մեջ ներդնել ավելի քան 1 մլրդ դոլար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի հարթակներում։

 

Ընդ որում, նա նշել է ներդրումային համագործակցության դրական դինամիկան։ ՌԴ փոխնախարարի ասելով, ՌԴ-ից Հայաստան համատեղ կուտակված ներդրումների ծավալը կազմում է ավելի քան 2.2 մլրդ դոլար: "Մենք գիտենք, որ կան եւս ավելի քան 1 մլրդ դոլարի կոնկրետ նախագծեր, որոնք առաջիկայում կմտնեն Հայաստանի տնտեսություն", - ասել է Դմիտրի Վոլվաչը:

 

Անդրադառնալով վիճակագրական տվյալներին ՝ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունում արտաքին ներդրումների 40 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ-ից ներդրումներին։ "Ինձ թվում է, միանգամայն տրամաբանական է, որ այդ մասնաբաժինը պետք է առնվազն պահպանվի։ Հասկանալի է, որ ներդրումներ կան այլ երկրներից, այլ գործընկերներից, բայց ես հույս ունեմ, որ Ռուսաստանն ու ռուսական բիզնեսը կպահպանեն իրենց դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ", - հայտարարել է նա։

 

Իր հերթին՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հաստատել է, որ առաջիկա տարիներին ռուսական ընկերությունները պատրաստ են Հայաստանի տնտեսության մեջ մոտ 1 մլրդ դոլարի ներդրումներ կատարել: Նա նշել է, որ հայ-ռուսական ապրանքաշրջանառությունն արդեն գերազանցել է նախաքովիդյան ցուցանիշները, իսկ Հայաստանի խոշորագույն հարկատուների թվում ռուսական ընկերություններն են:

 

Նշենք, որ Ռուսաստանն ավանդաբար հանդիսանում է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ ս. թ. հունվար-օգոստոսին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է  1.5 մլրդ դոլար, ինչը 12% - ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Ընդ որում, արտահանումն աճել է 30,9 տոկոսով՝ մինչեւ 522 մլն դոլար, ներմուծումը՝ 4%-ով' մինչև  1 մլրդ դոլար: