
Արմինֆո.2021 թվականի առաջին կիսամյակի տվյալներով Ռուսաստանում է գտնվում Հայաստանից 202 հազար աշխատանքային միգրանտ։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան։
Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ, չնայած սանիտարական-հակահամաճարակային սահմանափակումներին, ԵԱՏՄ աշխատանքի շուկան շարունակում է գործել: Ներկայում, Մալկինայի խոսքով, կարելի է խոսել եվրասիական աշխատաշուկայի աստիճանական վերականգնման մասին: Մասնավորապես, հայտարարվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, գտնվում է 738 հազար աշխատանքային միգրանտ, որոնցից առյուծի բաժինը պատկանում է Ղրղզստանի քաղաքացիներին (52,2 տոկոս): Նրանց հետեւում են Հայաստանի քաղաքացիները (24,4 տոկոս), Բելառուսի քաղաքացիները (11 տոկոս), եւ ամենափոքր թիվը կազմում են Ղազախստանի աշխատավորները (9,5 տոկոս):
Մալկինայի խոսքով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում աշխատանքային միգրանտների թիվը 40 տոկոսով գերազանցել է նախաքովիդային ցուցանիշը (2019 թվականին):
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանից ընթացիկ տարում արտասահման է արտագաղթել 10 965 մարդ (տարեկան 25,9 տոկոս աճով): Հիմնական երկրների ցանկում, ուր նախընտրում են մեկնել հայերը, նաեւ ՌԴ-ն է։ Հայաստանում միգրացիոն բացասական սալդոն 2021թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 1 779 մարդ, ինչը 23,2 տոկոսով ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, ժողովրդագիր Արտակ Մարկոսյանը հայտարարել էր, որ Հայաստանում միգրացիան, հիմնականում, աշխատանքային բնույթ է կրում: "Սակայն, այստեղ շատ կարեւոր է նշել, որ եթե իրավիճակը, այնուամենայնիվ, չկարգավորվի, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ աշխատանքային միգրացիան չի վերածվի վերջնական միգրացիայի: Եվ այստեղ լուծումը մեկն է. երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում անհապաղ կայունացում։ Եվ իհարկե, անվտանգության նորմալ միջավայրի ստեղծում", - ամփոփել էր ժողովրդագրագետը։