Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել 2021 թ. սեպտեմբերի 16-ին ստորագրված «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որը կնպաստի COVID-19-ի բռնկման ռազմավարական պատրաստվածության և հակազդման գործընթացին, առողջապահական համակարգի, մասնավորապես՝ կորոնավիրուսի հայտնաբերման և ախտորոշման, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի ծառայությունների կարողությունների հզորացմանը՝ հիմնական բժշկական սարքավորումների, պարագաների և ախտորոշման ու բուժման համար անհրաժեշտ միջոցների, բուժաշխատողների պաշտպանվածության կազմակերպման, հասարակության իրազեկման, վիրուսով պացիենտների տրիաժի և կառավարման, վարակի հսկողության ուղեցույցների վերաբերյալ բուժաշխատողների վերապատրաստման միջոցով:Կապված COVID-19 գլոբալ համաճարակի հետ՝ ծրագրի նպատակն է բժշկական ծառայությունների տրամադրման շարունակականության, ինչպես նաև հիվանդության տարածման սպառնալիքին արագ հակադարձելու կարողության ապահովումը` (կորոնավիրուսով հիվանդների ժամանակին թեստավորում և բուժում), հաշվի առնելով նաև կորոնավիրուսի հնարավոր ալիքային ընթացքը և սեզոնային սրացումները: Ծրագրով նախատեսված 3 բաղադրիչների շրջանակում նախատեսվում են մի շարք աշխատանքները. վարակի կանխարգելման և վերահսկման արդյունավետության բարձրացում, մասնավորապես՝ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնաճյուղերի արդիականացում: Նախատեսվում է նաև վարակիչ հիվանդությունների դեպքերի վարման համակարգի հզորացում, մասնավորապես՝ ՀՀ Լոռու մարզում ինֆեկցիոն հիվանդությունների ծառայության ենթակառուցվածքի բարելավում. Վանաձորում ինֆեկցիոն ծառայությունների համար նախատեսված շենքային պայմանների բարելավում՝ նոր մասնաշենքի կառուցում՝ 30 մահճակալի համար, ընդլայնվելու հնարավորությամբ, Վանաձորի ինֆեկցիոն ծառայության վերազինում, այդ թվում հատուկ բժշկական սարքավորումների, կահույքի և պարագաների ձեռքբերում լաբորատորիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության համար, COVID-19-ով հիվանդների վարման վերաբերյալ բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացների կազմակերպում (առաջարկվում է ԱՀԿ-ի ընթացակարգերով): Բացի այդ աշխատանքներ կտարվեն հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված, մասնավորապես՝ հանրային իրազեկման ռազմավարության մշակում, տեղեկատվական բազմազան հարթակների օգտագործում հանրային իրազեկման նպատակով։ Ծրագրի իրականացման նպատակով որպես դրամաշնորհ առաջարկվում է հատկացնել 3 մլն ԱՄՆ դոլար գումար։