Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2021 15:28
Ալինա Հովհաննիսյան

ԵՄ աջակցությամբ Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է Հայաստանում ՓՄՁ զարգացման էկոհամակարգ ստեղծել  

ԵՄ աջակցությամբ Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է Հայաստանում ՓՄՁ զարգացման էկոհամակարգ ստեղծել   

Արմինֆո. Հայաստանի համար ԵՄ 2.6 մլրդ եվրո փաթեթը նախատեսում է նաեւ ՓՄՁ զարգացման էկոհամակարգի ստեղծում: Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այս ծրագիրը, նրա հավաստմամբ, գնահատվում է 500-600 մլն եվրո։

 

"Մենք ցանկանում ենք ինկուբատորի նման մի բան ստեղծել, որի միջով անցնելիս ՓՄՁ-ները դուրս կգան ավելի ուժեղ",- ասել է Քերոբյանը, նշելով, որ Հայաստանում 1000 սկսնակ ձեռնարկություններից ընդամենը 2-ին է հաջողվում աճել, մնացածը կամ մնում են փոքր, կամ փակվում են:

 

Նախարարի ասելով, ՓՄՁ-ներին աջակցություն կցուցաբերվի երեք ուղղություններով. մասնագիտական կրթության զարգացում, ենթակառուցվածքների և ստանդարտների որակի բարելավում և սկսնակ բիզնեսի համար ֆինանսական մատչելիության բարձրացում:

 

"Դա էկոհամակարգ է, որտեղ սկսնակ ձեռնարկություններին բոլոր փուլերում օգնություն կցուցաբերվի, մինչեւ բիզնեսը ամուր կանգնի երկու ոտքերի վրա", - հավելել է նա:

 

Նշենք, որ ԵՄ ֆինանսական աջակցության փաթեթը ներառում է նաեւ հետեւյալ ուղղությունները. կանանց ձեռներեցության զարգացում, թվային օրակարգ, "Կանաչ Երեւան" ծրագիր, "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի շինարարություն, Հայաստանի ջրային համակարգի բարելավում եւ այլն:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության ծրագրի համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ում փոքր եւ միջին ձեռնարկատիրության մասնաբաժինը 5 տարվա ընթացքում ընթացիկ 27 տոկոսից կհասցվի 55 տոկոսի: