Հինգշաբթի, 4 Նոյեմբերի 2021 15:28
Նաիրա Բադալյան

Մոտ 3,5 մլն դոլար կներդրվի Գեղարքունիքի մարզում 5ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման համար

Մոտ 3,5 մլն դոլար կներդրվի Գեղարքունիքի մարզում 5ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման համար

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում բավարարել է «Ա-Ս էներջի» ՍՊԸ-ի հայտը՝գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ:

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է կառուցել և շահագործել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում։ Արևային կայանի կառուցման և սարքավորումներով համալրման գործընթացը հիմնված է ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների վրա։ Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 1.65 մլրդ դրամ (մոտ 3,5 մլն ԱՄՆ դոլար՝ ընթացիկ փոխարժեքով-խմբ.): Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ Risen Energy ընկերության երկերեսանի մոնոբյուրեղային ՖՎ մոդուլներ (www.risenenergy.com), որոնց հզորության նվազեցումը չի գերազանցում տարեկան 0.5 տոկոսը: Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին, առկա են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շնորհված էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիա։ Ներդրումների մոտ 80 տոկոսն արդեն իսկ կատարված է, ձեռք է բերվել հողամաս, իրականացվել է շինարարություն և նախագծային աշխատանքներ, կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.6 մլրդ դրամի ներդրում՝ կայանների կառուցման, փորձարկման և գործարկման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 4 աշխատատեղ՝ 250,000 դրամ աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի շուրջ 230 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 312.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 30.6 մլն դրամ: