Արմինֆո. Այսօր Հայաստանում վարելահողերի 50%-ից պակասն է փաստացի մշակվում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ընդգծելով, որ Հայաստանի համար դա խնդիր է ոչ միայն տնտեսական տեսանկյունից, այլեւ՝ պարենային անվտանգության:
"Կառավարության նպատակն է հողային բարեփոխումների արդյունքում 5 տարի անց այդ ցուցանիշը հասցնել 70%-ից ավելիի, գրեթե կրկնապատկել միջին գյուղացիական տնտեսության եկամուտների չափը, շեշտակի բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը և հնարավորություն տալ, որ ինստիտուցիոնալ ներդրողները կարողանանան մուտք գործել ոլորտ: Մեր կառավարության հողային բարեփոխման հիմքում ընկած է գաղափարը՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կկարողանան շատ եկամուտ ունենալ և կշարունակեն զբաղվել այդ գործով", - ընդգծել է նա:
Նա պատմել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում 315 հազար ֆերմերային տնտեսություն կա, որոնցից յուրաքանչյուրը միջինը 4-ական հողամաս ունի, որոնց մակերեսը կազմում է շուրջ 1.5 հա: "Նման կոնֆիգուրացիան թույլ չի տալիս ֆերմերներին ստանալ այն եկամուտը, որը թույլ կտա նրանց լավ ապրել եւ բարելավել իրենց կենցաղը", - նկատել է պաշտոնյան: Քերոբյանը պարզաբանել է, որ հողային բարեփոխումը ենթադրում է հողերի կոնսոլիդացման մեխանիզմներ, ինչի արդյունքում ֆերմերները կկարողանան ավելի մեծ հողեր ստանալ եւ ավելի արդյունավետ գյուղատնտեսություն վարել: Նշենք, որ դեռևս 2020 թվականի գարնանը հողային բարեփոխումների մասին խոսել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, որը պատասխանատու էր գյուղատնտեսության ոլորտի համար։
Մասնավորապես, նա նշել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այդ պահին մշակվել են հողային բարեփոխումների որոշակի փաթեթներ, որպեսզի ստեղծված ճգնաժամային պայմաններում նախաձեռնվեն ինստիտուցիոնալ փոփոխություններ, ինչը թույլ կտա արդյունավետ շրջանառության մեջ դնել չմշակվող հողատարածքները:
Հիշեցնենք, որ 2019 թվականի վերջին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում Արտակ Քամալյանը հաղորդել էր, որ ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի շրջանակներում 2020 թվականին Արմավիրի մարզում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կգործարկի "հողի Բանկ" պիլոտային նախագիծը, որի կոնցեպտը ենթադրում է պետության միջոցով կապել գյուղատնտեսական արտադրողին և ներդրողին, որը հետաքրքրված է հողի վարձակալությամբ: "Օրինակ, տարածաշրջանում կա գյուղատնտեսական ապրանք արտադրող, որը մասնակիորեն կամ ամբողջությամբ չի օգտագործում իր հողերը, եւ պատրաստ է այն հանձնել երկարաժամկետ վարձակալության կամ վաճառել, բայց նման հնարավորություն չունի, այդ թվում, քանի որ փաստաթղթաշրջանառության մասով մեծ ընթացիկ աշխատանք է սպասվում: Ահա այդ հողային բանկը, պետության օգնությամբ կկապի այն ապրանքարտադրողներին, որոնք ցանկանում են իրենց հողերը վարձակալության հանձնել, եւ շահագրգիռ ներդրողներին, որոնց հող է պետք արտադրության գործարկման համար", - պարզաբանել էր փոխնախարարը։ Նշենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, Հայաստանի մարզերում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների ընդհանուր թվից ամենամեծ տոկոսը (61 տոկոս) ավանդաբար բաժին է ընկել հողերին, որոնց ընդհանուր մակերեսը կազմել է
5962.83 հա, որից 5431.42 հա գյուղատնտեսական նշանակության հողեր են: Տարեկան կտրվածքով առուվաճառքի մարզային գործարքների թիվն աճել է 24,1 տոկոսով՝ կազմելով 10 608: