Արմինֆո. Իրան-Հայաստան համատեղ առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրվիկ Յարիջանյանը հայտարարել է, որ երկու երկրները նախատեսում են մոտ ապագայում համատեղ արդյունաբերական պարկ ստեղծել, հաղորդել Է Իրանի առեւտրաարդյունաբերական, հանքարդյունաբերական եւ գյուղատնտեսական պալատի (ICCIMA) պորտալը:
Յարիջանյանն ասել է, որ երկու կողմերն էլ համագործակցության ներուժ ունեն նաեւ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բանկային գործը, ֆինանսները, գյուղատնտեսությունը: "Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի իշխանությունների հետ՝ ապահովելու համար անհրաժեշտ հիմք, որպեսզի երկու կողմերի գործարարները կարողանան ներդրումներ կատարել եւ ապրանքներ արտադրել՝ ավելի հեռավոր շուկաներ մուտք գործելու նպատակով, ինչպիսիք են Եվրոպան եւ Կանադան", - ասել է նա:
"Ներկայում Հայաստանի եւ մի քանի եվրոպական երկրների ու Կանադայի միջեւ արտոնյալ սակագինը կազմում է չորս տոկոս, եւ այս իրավիճակում, եթե Իրանի եւ Հայաստանի միջեւ ներդրումներով համատեղ արտադրանքը արտադրվում եւ արտահանվում է այդ շուկաներ, այն կարող է, փաստացի, արտահանվել այդ շուկաներ չորս տոկոս մաքսատուրքով", - հավելել Է Յարիջանյանը:
Անդրադառնալով Իրանի առևտրային պատվիրակության և Հայաստանի էկոնոմիկայի նախարարի միջև մի քանի շաբաթ առաջ կայացած հանդիպմանը՝ Յարիջանյանն ասել է. "Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ողջունել է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացումը և նախատեսում է շուրջ 50 հեկտար հող հատկացնել համատեղ արդյունաբերական պարկի ստեղծման համար":
"Փաստորեն, Իրանի արդյունաբերական գոտիները, համագործակցելով Հայաստանի արդյունաբերական պարկերի հետ, մտադիր են ստեղծել համատեղ արդյունաբերական գոտի, եւ դա կարող է հանգեցնել տեխնոլոգիաների եւ կապիտալի փոխանցմանը Իրանի Իսլամական Հանրապետությունից, ինչպես նաեւ Հայաստանից ապրանքների վերամշակմանը եւ արտահանմանը", - բացատրել է նա:
Նշելով, որ ներկայումս առանձնապես խնդիրներ չկան Իրան-Հայաստան առեւտրի զարգացման համար, Յարիջանյանն ասել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրի հետ կապված հիմնական խնդիրը վերջին տարիներին կայանում էր նրանում, որ երկու երկրները զգալի չափով ապավինում էին էներգառեսուրսների փոխանակմանը: Այսինքն, Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանից էլեկտրաէներգիա է ստացել գազի արտահանման դիմաց։ Սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունն արգելել Է Թուրքիայից ավելի քան 1000 ապրանքային դիրքերի ներմուծումը, այժմ բավական բարենպաստ պայմաններ են ստեղծվել երկու երկրների միջեւ առեւտրի զարգացման եւ Իրանից Հայաստան արտահանման ավելացման համար:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-օգոստոսին աճել է 15,3 տոկոսով' ապահովելով 297,8 մլն դոլարի ծավալ: Ընդ որում, արտահանումը կրճատվել է 28,9 տոկոսով' մինչեւ 40,7 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 27,9 տոկոսով' մինչեւ 257,1 մլն դոլար: