Երկուշաբթի, 22 Նոյեմբերի 2021 17:14
Ալինա Հովհաննիսյան

ՌԴ ԳՀՖԻ մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնը պատրաստ է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը

ՌԴ ԳՀՖԻ մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնը պատրաստ է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է ՌԴ Ֆինանսների նախարարության գիտահետազոտական ​​ֆինանսական ինստիտուտի (ԳՀՖԻ) Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանի և նրա գլխավորած պատվիրակության հետ։

 

Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ Հանդիպման նպատակն էր գույքագրել այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել այս համագործակցության արդյունքում։

 

Սամվել Լազարյանը նախարարին ներկայացրել է կենտրոնի գործունեության ուղղությունները և պատրաստակամություն հայտնել կենտրոնի գործառույթների շրջանակներում օգտակար լինել նախարարոությանը։ Նա նշել է, որ կենտրոնն արդեն մի քանի տարի է համագործակցում է Հայաստանի գերատեսչությունների ֆինանաստնտեսական մասնագետների հետ։

 

Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակում նաև նման՝ նեղ ոլորտային գործակցությունը և հույս է հայտնել, որ կենտրոնի հետ երկկողմ շփումները կկրեն պարբերական բնույթ։

 

Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության ռազմավարության տնտեսական հատվածի մի քանի դրույթներ, որոնց  հիմնական նպատակները տնտեսական հնարավորությունների ընդլայնումն է, արտահանումը խթանող պայմանների ապահովումն ու գործարար միջավայրի ձևավորումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական մոդելավորման, ներդրումային ռիսկերի վերլուծության մասով կենտրոնի կողմից տարվող աշխատանքներին և որոշ արդյունքներին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել դարձյալ հանդիպել՝ կոնկրետ օրակարգային հարցեր քննարկելու նպատակով։

 

Նշենք, որ ԳՀՖԻ-ն ստեղծվել է 1937 թվականի փետրվարի 27-ին, իսկ 1991 թ. այն ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության կառուցվածքում։ Ռուսաստանի ֆինանսների նախարարության կողմից 1998-ի օգոստոսին հաստատված կանոնադրության համաձայն, ԳՀՍԻ-ն դարձել է ընդհանուր տնտեսական պրոֆիլի պետական գիտական հաստատություն: ԳՀՖԻ հասարակական առաքելությունն է նպաստել Ռուսաստանի տնտեսության կայուն զարգացմանը եւ, որպես հետեւանք, աջակցել այն գործընթացներին, որոնք ուղղված են նրա քաղաքացիների ֆինանսական բարգավաճմանը:

 

Ռուսաստանի ԳՀՖԻ-ի ռազմավարական նպատակներից է Ռուսաստանի ֆինանսների նախարարության եւ փորձագիտական հանրության փոխգործակցության ապահովումը արդիական ֆինանսական քաղաքականության հարցերի շուրջ; ԳՀՖԻ զարգացումը որպես հեղինակավոր գիտական կենտրոնի, որը կարող է բարձր մասնագիտական մակարդակով լուծել ՌԴ ֆինանսների նախարարության իրավասությանը վերապահված հարցերին առնչվող հրատապ խնդիրները՝ դրանց գիտական վերլուծության հիման վրա; ծանրակշիռ ավանդի ներդրումը Ռուսաստանի ֆինանսական գիտության զարգացման գործում: