Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեին, ՄՖԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար Արման Բարխուդարյանին եւ ՄՖԿ «Հայաստանում տնտեսական աճ» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանին:
Ողջունելով հյուրերին` նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։ Որպես առանցքային ուղղություններ՝ նախարարն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Իվանա Ֆերնանդես Դուարտեն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ նշել, որ այս պաշտոնում սա իր առաջին այցն է Հայաստան, եւ ներկայում քննարկվում են կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ հնարավոր մասնակցության ձեւաչափերը: Տիկին Դուարտեն եւս կարեւորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ նշելով, որ ՄՖԿ-ն առաջնային է համարում Հայաստանում ֆինանսական հատվածի, կայուն էներգետիկայի եւ ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանն ուղղված քայլերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն - Միջազգային ֆինանսական կորպորացիա համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նշենք, որ ՄՖԿ-ն Հայաստանի տնտեսությունում ներդրել է, ընդհանուր առմամբ, շուրջ 700 մլն դոլար, հիմնականում, էներգետիկայի, ֆինանսների, անշարժ գույքի և ՓՄՁ ոլորտներում: Վերջին տարիներին
ՄՖԿ-ն ակտիվորեն աջակցում է Հայաստանի տնտեսության երկու հիմնական հատվածներին՝ բանկային ոլորտին եւ էներգահամալիրին: Վերջին դեպքում կորպորացիան 2016թ. ֆինանսավորել է Որոտանի հիդրոէներգետիկ համալիրի մասնավորեցման նախագիծը, Երեւանի ՋԷԿ-ի եւ Masrik Solar արդյունաբերական ծավալների արեւային էլեկտրակայանի վերակառուցումը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |