Արմինֆո. Ամերիաբանկն Ամանորի նախաշեմին գործարկել է երկու աննախադեպ ակցիա ' կիսամյակային արտոնյալ ժամանակահատվածով բիզնես վարկերի գծով, որոնք ազատում են հիմնական եւ տոկոսագումարների վճարումներից:
Այդ մասին դեկտեմբերի 9-ի երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, նշելով, որ այդ ակցիաների շրջանակներում սահմանված արտոնյալ ժամանակահատվածը թույլ կտա տնտեսավարող սուբյեկտներին նվազեցնել վարկային բեռը եւ այդ ընթացքում ազատ միջոցներն ուղղորդել բիզնեսի զարգացմանը:
Ներկայացնելով նոր առաջարկները՝ նա, մասնավորապես, պատմել է, որ դեկտեմբերի 8 - ին մեկնարկած եւ մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը գործող երկու արշավների շրջանակներում վարկի չափը սահմանվել է 20 մլն դրամից մինչեւ 150 մլն դրամի սահմաններում, հասանելի է երեք արժույթներով ՝ դրամով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով, եւ տրամադրվում է գրավային ապահովմամբ: Երկու ակցիաներով վարկի մարման ժամկետը սահմանվում է 4-10 տարի: Կես տարվա արտոնյալ ժամանակահատվածից հետո, Բարսեղյանի խոսքով, 7 ամսից սկսվում է տոկոսների հաշվարկը, որոնք բավական մրցակցային են. դրամային վարկերի դեպքում ՝ 11,9%, դոլարային վարկերի դեպքում ՝ 7,9%, եվրոյով վարկերի դեպքում՝ 6,9%: "Կարեւոր է նշել, որ վարկի գործողության ողջ ժամանակահատվածի համար արդյունավետ տոկոսադրույքը կազմում է ավելի ցածր ՝ դրամով ՝ 10,5 տոկոս, դոլարով՝ 6,5 տոկոս եւ եվրոյով՝ 5,5 տոկոս", - պարզաբանել Է նա, հավելելով նաեւ, որ այդ ակցիաների շրջանակում վարկերի համար կարող են դիմել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող սուբյեկտները:
Ինչպես տեղեկացրել է Բարսեղյանը, առաջին ակցիայից երկրորդ ակցիան տարբերվում է նրանով, որ այդ առաջարկը մշակվել է ՓՄՁ սուբյեկտների համար, որոնք վարկային պարտավորություններ ունեն հայաստանյան այլ բանկերում եւ դեմ չէին լինի ավելի գրավիչ պայմաններով տեղափոխվել Ամերիաբանկ: "Եթե փոխատվությունները տեղափոխվեն մեր բանկ, վարկառուն կստանա միանվագ գումար վարկի ընդհանուր գումարի 5% - ի չափով", - ընդգծել է նա, ընդսմին նշելով, որ հաճախորդին ընձեռվում է ընտրություն՝ կհամաձայնի այդ գումարին կամ կօգտվի կիսամյակային արտոնյալ ժամանակահատվածից:
Վարկի տրամադրման դեպքում միջնորդավճար չի գանձվում, իսկ գրավի հետ կապված բոլոր ծախսերը ստանձնում է բանկը: "Այսպիսով, վարկառուին հնարավորություն է տրվում առանց լրացուցիչ ծախսերի վարկ տեղափոխել մեր բանկ ավելի ցածր տոկոսադրույքներով եւ լրացուցիչ միջոցների ստացմամբ", - պարզաբանել է նա: Սակայն հատուկ պահանջ է ներկայացվում վարկառուի վարկային պատմությանը ՝ հայտի ներկայացման պահին միագուգումար ուշացումը չպետք է գերազանցի 30 օրը։
"Գործարկելով այդ առաջարկները՝ մենք ցանկանում ենք նպաստել ՓՄՁ զարգացմանը ՝ դրանով իսկ մեծացնելով վարկային պորտֆելն ու ոլորտի ֆինանսավորման ծավալները", - ասել է Բարսեղյանը, հավելելով, որ այս տարի Ամերիաբանկի բիզնես-վարկերի պորտֆելն աճել է 20 տոկոսով:
Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է առանցքային ցուցանիշներով, արագ աճող բիզնեսով' կանաչ ֆինանսավորմանը հատուկ շեշտադրմամբ: 2009թ. - ից բանկը ֆինանսավորել է ավելի քան 250 մլն դոլար գումարի վերականգնվող էներգիայի ծրագրեր, ներառյալ արեւային, ֆոտոէէլեկտրական եւ հողմային էներգիան: Ամերիաբանկը հանդիսանում է Հայաստանի ամենակայուն ֆինանսական հաստատություններից մեկը ' հստակ ձևակերպված թվային օրակարգով: Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ համալիր փաթեթով: Վերջին արդյունքների համաձայն, Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն դրամը:
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.09.2021 թ.տվյալներով, Ամերիաբանկն առաջատարն է ակտիվների գծով' 1.1 տրլն դրամ (եւ դա բանկային շուկայում միակ տրլն դրամն է), վարկային ներդրումների գծով' 649.2 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալի գծով' 124.1 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունների գծով' 954.8 մլրդ դրամ, 9 ամսվա զուտ շահույթի գծով' 14.5 մլրդ դրամ: Բացի այդ, Ամերիաբանկն առաջատար եռյակում է կորպորատիվ և մանրածախ վարկավորման, ժամկետային ավանդների, միջազգային կառույցներից ներգրավումների գծով, իսկ ցպահանջ պարտավորությունների գծով զբաղեցնում է առաջատար դիրք: Տնտեսության ճյուղերի վարկավորման գծով Ամերիաբանկը նույնպես առաջատար դիրքեր է զբաղեցնում առաջին եռյակում ' հիմնական շեշտը դնելով ՓՄՁ և արդյունաբերական հատվածի սուբյեկտների ֆինանսավորման վրա, ուր ուղղվել է բանկի վարկային պորտֆելի, ընդհանուր առմամբ, շուրջ 40% - ը: Հատկանշական է, որ այսօրվա դրությամբ Ամերիաբանկը Հայաստանի միակ բանկն է, որի մեծամասնական բաժնետերերից են ինստիտուցիոնալ ներդրող' ի դեմս Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) եւ Ասիական զարգացման բանկը (ADB):