Երեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2021 19:56
Կարինա Մելիքյան

Կենտրոնական բանկն ակնկալում է արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցության ուժեղացում

Կենտրոնական բանկն ակնկալում է արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցության ուժեղացում

Արմինֆո.Կենտրոնական բանկն ակնկալում է Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածից գնաճային ազդեցության ուժեղացում։ Այդ մասին դեկտեմբերի 14-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացման առնչույթյամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

 

Նա պարզաբանել է. "Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի արագ վերականգնումը։ Նման իրավիճակում, սահմանափակ առաջարկի պահպանման դեպքում, տեղի է ունենում հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրի զգալի ընդլայնում, ինչն արտացոլվում է գործընկեր երկրներում ներքին գնաճի ավելի բարձր աճով, քան կանխատեսվում էր։ Բարձր գնաճի սպասումները զսպելու և նպատակային շեմ ապահովելու նպատակով գործընկեր երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները, ինչի հետևանքով արտաքին գնաճային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կուժեղանա"։ Մ. Գալստյանը տեղեկացրել է, որ ԿԲ խորհրդի որոշմամբ դեկտեմբերի 14 - ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացել է 0,5 տոկոսային կետով' մինչեւ 7.75%:

 

Հայաստանի տնտեսության ընթացիկ զարգացման համատեքստում, ըստ նրա, տնտեսական ակտիվության աճը գնահատվում է սպասվածից ցածր (ԿԲ նոր կանխատեսմամբ՝  2021թ ՀՆԱ-ի աճը կկազմի 4,2 տոկոս ՝ նախկինում ակնկալվող 5,4 տոկոսի փոխարեն), հիմնականում, գյուղատնտեսության եւ արդյունաբերության աճի դանդաղման պատճառով: Այնուամենայնիվ, ինչպես նշել է նա, պահանջարկի դրական դինամիկան պահպանվում է, ինչին ներկայումս նպաստում է արտաքին պահանջարկի ազդեցությունը զբոսաշրջության աճի ավելի բարձր տեմպերի պատճառով: "Արտաքին հատվածից եկող գնաճային ազդեցության եւ պահանջարկի բարձր դինամիկայի պայմաններում գնահատվում է, որ եռամսյակային իրական գնաճը եւ հասարակության գնաճային սպասումները որոշակիորեն կարագանան՝ վերջին կայունացումից հետո":

 

Այսպես, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021թ. նոյեմբերին 2020թ.նոյեմբերի համեմատ պաշտոնական գնաճը Հայաստանում բարձրացել է մինչև 9,6%, իսկ միայն նոյեմբերին կազմել է 1,7%, մինչդեռ, մեկ տարի առաջ այդ նույն ժամանակահատվածներում արձանագրվել է, համապատասխանաբար, 1,6% և 1,3% գնաճ ՝ մեկ տարվա և մեկ ամսվա ընթացքում։ Իսկ իրական գնաճը, ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ աճել է մինչև 8,4%, նախորդ ամիսների կայուն վարքագծից հետո, իսկ միայն նոյեմբեր ամսին կազմել է 0,8%, 2020թ. համադրելի ժամանակահատվածներում գնաճային 2% և 0,4%-ի դիմաց:

 

"Հաշվի առնելով արտաքին հատվածից գնաճային ազդեցության զգալի ուժեղացումը, ինչպես նաև գնաճային սպասումների ենթադրյալ զարգացումը ՝ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է համարել հերթական անգամ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նման պայմաններում կանխատեսվում է, որ տարեկան գնաճը աստիճանաբար կնվազի միջնաժամկետ հեռանկարում մոտենալով նպատակային 4 տոկոսի և այդ շեմին կայունացմամբ", - հայտարարել է Մ.Գալստյանը,  ենթադրելով, որ արդեն 2022 թվականին գնաճը կմոտենա թիրախավորվող նշաձողին։

 

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների պահպանվող անորոշության պայմաններում կանխատեսվող միջնաժամկետ կուրսից գնաճի շեղման ռիսկերը , հիմնականում, բարձր բնույթ են կրում, և դրանց դրսևորման դեպքում պատրաստ է պատշաճ կերպով արձագանքել գների կայունության ապահովման համար, ընդգծել է Մ.Գալստյանը:

 

Նշենք, որ սա 2021 թվականին վերաֆինանսավորման տոկոսադրույքի վեցերորդ բարձրացումն է, ընդհանուր առմամբ, 5,25%-ից մինչեւ 7,75%: Ըստ այդմ, նույն չափով (2,5 տ.կ. փետրվար-դեկտեմբերին) բարձրացվել լոմբարդային ռեպո եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները, համապատասխանաբար, 6,75%-ից եւ 3.75%-ից մինչեւ այսօրվա 9,25% եւ 6,25%: