14:33
 Հինգշաբթի, 16 Դեկտեմբերի 2021 14:33
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ այս տարի Հայաստանի քաղաքացիներն ավելի լավ են ապրել, քան մեկ տարի առաջ

Էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ այս տարի Հայաստանի քաղաքացիներն ավելի լավ են ապրել, քան մեկ տարի առաջ

Արմինֆո.Նույնիսկ բարձր գնաճի պայմաններում, միջին հաշվով, Հայաստանի քաղաքացիներն այս տարի ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ։ Դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Իր կարծիքը նա պայմանավորել է այն բանով, որ ընթացիկ տարվա ավարտին Հայաստանում իրական տնտեսական աճը սպասվածից բարձր կլինի։ Ընդ որում, նախարարը նշել է, որ աճը չի լինի երկնիշ։

 

Գնաճի մակարդակով մտահոգության առնչությամբ Քերոբյանը նշել է, որ նախարարությունը փորձում է մեխանիզմներ գտնել այն զսպելու համար, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում։ Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն շաքարի, մսի տարբեր տեսակների համար արտոնյալ սակագնային քվոտաներ է սահմանել ։ "Դա թույլ կտա ավելի համեստ գնաճի մակարդակ ունենալ ապրանքների այդ խմբերում", - ասել է նա:

 

Միաժամանակ, Քերոբյանը հաղորդել է, որ աշխատանք է տարվում ինչպես նախարարության ներսում, այնպես էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ՝ եղած գործիքներով ապրանքների առանձին խմբերում գնաճը զսպելու, այդ թվում ՝ բեռնափոխադրումների սուբսիդավորման, տարբեր ապրանքների մանրածախ գնագոյացման վրա առավել լուրջ ուշադրություն դարձնելու տեսանկյունից:

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ պաշտոնական գնաճը Հայաստանում բարձրացել է մինչև 9,6%, իսկ միայն նոյեմբերին կազմել է 1,7%, մինչդեռ, մեկ տարի առաջ այդ նույն ժամանակահատվածներում արձանագրվել է 1,6% և 1,3% գնաճ, համապատասխանաբար, մեկ տարվա և մեկ ամսվա ընթացքում: Իսկ իրական գնաճը, ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ աճել է մինչև 8,4%, նախորդ ամիսների կայուն վարքագծից հետո, իսկ միայն նոյեմբեր ամսին կազմել է 0,8%, 2020թ. համադրելի ժամանակահատվածներում գնաճային 2% և 0,4%-ի դիմաց:

 

Հայաստանի Կենտրոնական բանկի 2021թ. նոր կանխատեսման համաձայն, ՀՆԱ-ի աճը կկազմի 4,2% (նախկինում կանխատեսվող 5,4% - ի դիմաց), իսկ գնաճը տարեվերջին կձեւավորվի 8,4% - ի մոտ: 2022 թվականին, ԿԲ-ի նորացված կանխատեսումներով, ՀՆԱ-ի աճը կարագանա մինչեւ 5,3 տոկոս։

 

Տնտեսական ակտիվությունը, ըստ վիճակագրական տվյալների, հունվար-հոկտեմբերին աճել է տարեկան 4,3% - ով, իսկ 2021-ի հոկտեմբերին 2020թ.հոկտեմբերին համեմատ' 3,6% - ով, եւ երկու դեպքում էլ աճի դրայվեր են առեւտրի հատվածը եւ ծառայությունների ոլորտը, մինչդեռ, արդյունաբերական հատվածը ցույց է տվել արտադրության համեստ աճ:

Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի սեպտեմբերյան կանխատեսմամբ՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2021 թվականին կկազմի 6,5 տոկոս ՝ 2022 թվականին տեմպերի մինչեւ 4,5 տոկոս  դանդաղմամբ: Իսկ ՀԲ-ի հոկտեմբերյան կանխատեսման համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2021 թվականին կկազմի 6,1 տոկոս' 2022 թվականին տեմպերի մինչեւ 4,8 տոկոս  դանդաղմամբ: ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ է ամրագրված, բայց ֆինանսական իշխանություններն ակնկալում են 6 տոկոս աճ, իսկ 2022 թվականին պետբյուջեում ՀՆԱ-ի 7 տոկոս աճ է ամրագրված։ Եվ դա 2020 թվին ՀՆԱ-ի 7,4 տոկոս անկումից եւ 2019-ին ՀՆԱ-ի 7,6 տոկոս նախաքովիդյան աճից հետո՝ ըստ վիճակագրական տվյալների։