Արմինֆո.Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին 2020 թ․ համաձայնագրի շրջանակում դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և գերմանական KfW բանկի միջև ստորագրվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման ծրագրի 3-րդ փուլի վարկային պայմանագիրը, որն ուղեկցվելու է տեխնիկական օժանդակության միջոցառմամբ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 70 միլիոն եվրո, որն, ըստ էության, մինչ օրս հայ-գերմանական միջկառավարական համագործակցության շրջանակում ՀՀ ԿԲ-ի և KfW-ի միջև կնքված ամենախոշոր վարկային պայմանագիրն է։
ԿԲ հաղորդագրության համաձայն, պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, փոխդեսպան Կլաուս Վելդելբերգերը, KfW բանկի Հարավային Կովկասում տարածաշրջանային տնօրեն Բիրգիթ Հոլդերիդ-Քրեսսը, այլ հրավիրված հյուրեր։
Հիշեցնենք, որ ս. թ. հունվարին ԳԴՀ և ՀՀ կառավարությունների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել հետևյալ նախագծերի շուրջ. 40 մլն եվրո՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման, 3 մլն եվրո ՝ Էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման տեխնիկական օգնության համար, 3 մլն եվրո ՝ տեղական կայուն զարգացման եւ կենսաբազմազանության համար, 70 մլն եվրո ՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցության համար, եւ 400 հազար եվրո ՝ փոքր եւ միջին բիզնեսի տեխնիկական աջակցության համար:
Նշենք, որ KfW-ն Հայաստանի խոշոր դոնորներից է։ KfW-ի ներդրումները վերջին 20 տարիների ընթացքում գերազանցել են 600 մլն եվրոն ավելի քան 16 ծրագրերի գծով, այդ թվում ՝ ՓՄՁ, ագրոհատված, էներգահամալիր, էկոլոգիա եւ ֆինանսաբանկային ոլորտներում: Բանկի հանդեպ Հայաստանի արտաքին պարտքը 2020թ. արդյունքներով հասել է 408.4 մլն դոլարի (8% ՀՀ ընդհանուր արտաքին պարտքում)' մեկ տարվա ընթացքում աճելով 7.4% - ով, իսկ 2021թ. հոկտեմբերին գերազանցել է 410.7 մլն դոլարը (ՀՀ ընդհանուր արտաքին պարտքի 8.3%)' տարեկան աճելով ընդամենը 0.6% - ով: