Երեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2021 17:49

Ծաղկաձորում քննարկվել են ֆինանսական շուկաների զարգացման խնդիրները

Ծաղկաձորում քննարկվել են ֆինանսական շուկաների զարգացման խնդիրները

Արմինֆո. «ՖԻՆԱՐՄ» Ֆինանսական Շուկայի Մասնակիցների Ասոցիացիան դեկտեմբերի 17-ին Ծաղկաձորում FINARM TALKS խորագրի ներքո կազմակերպել էր «Ֆինանսական շուկայի խնդիրների և զարգացման հեռանկարների վերաբերյալ» մեկնարկային կլոր-սեղան քննարկումը ոլորտի պետական և մասնավոր կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միջոցառման ընթացքում ՖԻՆԱՐՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանի մոդերատորությամբ և հրավիրված պատասխանատուների ակտիվ ներգրավմամբ քննարկվել են հետևյալ թեմաները՝

  1. Օրենսդրական և այլ կարգավորումները ՀՀ ֆինանսական շուկայում և դրանց ազդեցությունը շուկայի դինամիկայի վրա,
  2. ՀՀ ֆինանսական շուկայի զարգացման հեռանկարները. նոր գործիքների և տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններն ու շարժառիթները,
  3. Ներառական շուկայի տեսլականը. ինչպես հասնել շուկայի ավելի մեծ ներառականության:

«Հաջողված փորձ ենք սա համարում և կարծում ենք, որ այսպիսի ձևաչափով քննարկումները պետք է ավելի հաճախակի լինեն և մենք բոլոր ջանքերը կներդնենք դա իրականացնելու համար»,-նշել է Կարեն Զաքարյանը։ «Մենք պատրաստակամ ենք լինել Կառավարության և Կենտրոնական բանկի գործընկերը, ներկայացնել խնդիրները, դրանց լուծման ուղիներն ու շուկայի զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ վերցնելով նաև մեր բաժին բեռն այդ ամբողջ ճանապարհին»,-հավելել է Զաքարյանը։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանի խոսքով «Անհատական ընկերությունների մակարդակով ջանքերը չեն կարող արդյունք տալ, և կարգավորողը, օրենսդիրը, կառավարությունը ֆինանսական համակարգում չեն կարող ունենալ հաջողություն, եթե հաղորդակցության և երկխոսության նման հարթակներ չլինեն բիզնեսի կազմակերպված կառույցների հետ, ուստի այս քննարկումը ողջունելի է, քանի որ հենց այդպիսի հարթակի ձևավորմանն է միտված»։

«Բիզնես ասոցիացիաների և միությունների դերը գնալով ավելի ու ավելի մեծ կարևորություն է ստանում մեր երկրում և կայացած միավորումները կարող են լուրջ դերակատարում ստանձնել մեր երկրի բարեփոխման գործում։ Այդ տեսանկյունից ՖԻՆԱՐՄ-ի կազմակերպած այս քննարկումն անկասկած դրական քայլ է և նպատակ ունի շուկայի մասնակիցներին հուզող խնդիրների բարձրաձայնումն ու դրանց հետևողական լուծմանն ուղղված ջանքերը դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Այսպիսի քննարկումները կնպաստեն ժամանակակից և արդիական գործիքակազմով ֆինանսական շուկայի ձևավորմանը Հայաստանում, որից էապես կշահեն և՛ ներդրողները, և՛ շուկայի այլ մասնակիցները»,-նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Գևորգ Մաչանյանը։

ՖԻՆԱՐՄ-ի մասին

ՖԻՆԱՐՄ-ը Ֆինանսական Շուկայի Մասնակիցների Ասոցիացիան է Հայաստանում, որը պետական գրանցում ստացել է 2018թ.-ի դեկտեմբերի 26-ին և միավորում է ՀՀ ֆինանսական շուկայում գործող բանկերին, ներդրումային ընկերություններին, ինչպես նաև որպես թողարկող կամ ինսիտուցիոնալ ներդրող հանդես եկող և ֆինանսական շուկայի զարգացմամբ շահագրգիռ ֆինանսական կազմակերպություններին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.finarm.am