
Արմինֆո. Մինչև երկաթգծի Մեղրիի, այնուհետև Հորադիզ տանող հատվածների կառուցումը, այժմ քննարկվում է Երասխը ադրբեջանական Սադարակին կապող երկաթուղու մի քանի հարյուր մետրի վերագործարկումը, ինչը թույլ կտա Հայաստանը երկաթգծով կապել Իրանին: Այդ մասին հաղորդել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «Ազատության» հարցին ի պատասխան։
«Անկեղծ ասած` մենք նման ցանկություն ունենք, և իհարկե, ցանկացած հնարավորություն ապաշրջափակման, որը հնարավոր է իրականացնել այսօր գործող ենթակառուցվածքների շնորհիվ, իհարկե, ցանկալի է, որ տեղի ունենա, բայց անկեղծ ասած` բնականաբար, դա բանակցությունների առարկա է, և ասել միանշանակ, որ դա տեղի կունենա, կամ նույն Վրաստանի հատվածը տեղի կունենա անմիջապես, ես հիմա չեմ կարող ասել, որովհետև այո, բանակցություններում դա կա, բայց ինչ վերջնական համաձայնության կգանք, դեռևս չեմ կարող ասել», - մանրամասնել է փոխվարչապետը:
Գրիգորյանը, ով ներկայացնում է Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ գործող եռակողմ՝ Ադրբեջանի հետ միասին փոխվարչապետերի աշխատանքային խմբում, անցած շաբաթ «Ազատությանը» փոխանցել էր, որ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտևի մինչև երեք տարի: Սակայն ո՛չ նախորդ շաբաթ, ո՛չ էլ այսօր փոխվարչապետը չի հստակեցրել, թե երբ է մեկնարկելու երկաթուղու հայաստանյան հատվածի շինարարությունը։
Մինչդեռ, Հորադիզից դեպի Հայաստան ձգվող մոտ հարյուր կիլոմետրանոց երկաթգծի կառուցման աշխատանքները Ադրբեջանում սկսվել են այս փետրվարին։ Բաքուն այն ծրագրում է ավարտել մինչև 2023թ. վերջ։
Փոխվարչապետի ասելով, քննարկվել է նաեւ Իջևան-Ղազախ երկաթուղու բացման հնարավորությունը: «Դե, ինքը քննարկվել է, քննարկվել են բոլոր ուղիները: Ես բազմիցս ասել եմ, բայց այնուամենայնիվ կա ողջամիտ ծախս, ռացիոնալ լուծում համակցություն, որի շրջանակներում, երբ որևէ տարբերակ օրակարգից դուրս չի էլ բերվել, ուղղակի կան լուծումներ, որոնք այս փուլի լուծումներ կարող են լինել», - պարզաբանել է փոխվարչապետը:
Պատասխանելով երկաթուղային կապի վերագործարկումից հետո մաքսային հարցերի կարգավորմանն առնչվող հարցին՝ Մհեր Գրիգորյանն ասել է. «Ցանկացած ենթակառուցվածքի վերականգնում ենթադրում է, որ ենթակառուցվածքը գործելու է երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո, այսինքն` դա գործելու է որպես ենթակառուցվածք, որը գործելու է Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո` օրենսդրությամբ սահմանված կարգով»: