Հինգշաբթի, 23 Դեկտեմբերի 2021 17:57
Նաիրա Բադալյան

Գերմանիայի կառավարությունը 116 մլն եվրո կհատկացնի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար

Գերմանիայի կառավարությունը 116 մլն եվրո կհատկացնի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել 2021 թ. հոկտեմբերի 4-ին Բեռլինում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագծին:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, համաձայնագրով նախատեսվում է, ի շարունակություն հայ-գերմանական համագործակցության զարգացման քաղաքականության, գերմանական կողմից հայկական կողմին տրամադրել 116 մլն 400 հազար եվրո՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով։ Համաձայնագրով նախատեսվում է մինչև՝ 3.000.000 եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացում - Հայաստան» ծրագրի իրականացման համար, 40.000.000 եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Վերականգնվող էներգիայի զարգացում (II փուլ) DKTI (Կլիմայի և տեխնոլոգիաների գերմանական նախաձեռնություն)»՝ Վերականգնման վարկերի բանկի կողմից զարգացման հանրային քաղաքականության շրջանակներում, 70.000.000 եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում III» ծրագրերի իրականացման համար, 3.400.000 եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել վերոնշյալ երկու ծրագրերի իրականացման ու տեխնիկական աջակցմանն ուղղված անհրաժեշտ ուղեկցող միջոցառումների համար։