Երկուշաբթի, 27 Դեկտեմբերի 2021 17:04
Նաիրա Բադալյան

«Վայլդբերիզ»-ը Հայաստանում նոր լոգիստիկ տարածաշրջանային կենտրոն կկառուցի

«Վայլդբերիզ»-ը Հայաստանում նոր լոգիստիկ տարածաշրջանային կենտրոն կկառուցի

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Վայլդբերիզ» (Wildberries) ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին:

 

Կառավարության մամուլի ծառայության  հաղորդման համաձայն, ողջունելով  «Վայլդբերիզ»-ի գործունեությունը մեր երկրում, վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է համարում տնտեսությունում ներդրումների ներգրավումը, ներդրումային միջավայրի հետևողական բարելավումը և պատրաստ է աջակցել ՀՀ-ում առաջատար ընկերությունների զարգացման ծրագրերին:

 

Տատյանա Բակալչուկն արդյունավետ է գնահատել փոխգործակցությունը, ինչի մասին է վկայում «Վայլդբերիզի» միջոցով թե՛ հայկական արտադրանքի վաճառքի, թե՛ Հայաստանից կատարվող էլեկտրոնային առևտրի ծավալի աճը: Այս համատեքստում նա կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը և տեղեկացրել, որ հաջորդ տարի «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է լայնածավալ ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ կառուցել նոր լոգիստիկ, իր բնույթով տարածաշրջանային կենտրոն:

 

Զրուցակիցները քննարկել են համագործակցության խորացման և էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել լոգիստիկ նոր կենտրոնի կառուցման, ապրանքների և ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացման, տեղական արտադրանքի արտահանման շուկաների ընդլայնման հնարավորությունների շուրջ:

 

Վարչապետը ևս մեկ անգամ ողջունել է «Վայլդբերիզ» ընկերության զարգացման ծրագրերը և վերահաստատել Կառավարության պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով օժանդակելու ներդրումային նոր նախագծերի իրականացմանը:

 

«Վայլդբերիզ» ռուսաստանյան առցանց հարթակն աշխատում է շուկայում 2004 թվականից: Ընկերության ներկայության աշխարհագրությունն ընդգրկում է 17 երկիր. ողջ Ռուսաստանը, Հայաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Բելառուսը, Ղազախստանը և այլն: «Վայլդբերիզ»-ի շրջանառությունը 2020 թվականին հասել է 437,2 մլրդ ռուբլու (+96% տարեկան կտրվածքով):

 

Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ հանդիպման ժամանակ Բակալչուկը գոհունակությամբ է արձանագրել «Վայլդբերիզ» հարթակի միջոցով հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը, որոնք տարեկան հասնում են շուրջ 8 մլն դոլարի եւ տարեցտարի ավելանում են երկնիշ ցուցանիշներով: "Հայփոստի" հետ համագործակցության վերաբերյալ նշվել է, որ 2022 թվականին նախատեսվում է համագործակցություն 60 - ից ավելի մասնաճյուղերում: