Երեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2021 15:39
Նաիրա Բադալյան

Զեղչին առնչվող խաբեություն չի լինի. ՄՊՀ-ը թույլ չի տա այսուհետեւ էլ գումար վաստակել զեղչերով վաճառքից

Զեղչին առնչվող խաբեություն չի լինի. ՄՊՀ-ը թույլ չի տա այսուհետեւ էլ գումար վաստակել զեղչերով վաճառքից

Արմինֆո. Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնք զեղչերով վաճառքի շրջանում թույլ կտան խուսափել գնի եւ զեղչերի չափերի հետ կապված շահարկումներից: Այդ մասին դեկտեմբերի 28-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

 

Նախաձեռնության շրջանակներում, ըստ Գեւորգյանի, փորձ է արվել կարգավորել մի շարք հարցեր, այդ թվում' "ակցիա" եւ "զեղչեր" հասկացության սահմանումը, դրանց կիրառման տեսակները եւ պայմանները, ժամանակավոր սահմանափակումները, իրազեկման պայմաններին ներկայացվող պահանջները եւ այլն: Մասնավորապես, սահմանվել է պահանջ, ըստ որի, զեղչը պետք է կիրառվի վերջին երկու ամիսների ամենացածր գնի նկատմամբ, ինչը պետք է նշվի գնապիտակի վրա: Բացի այդ, ակցիան պետք է ունենա ժամանակային սահմանափակումներ, հակառակ դեպքում կստացվի, որ ակցիան, որպես այդպիսին, չի եղել, այլ ընդամենը՝ հաճախորդին գրավելու հնարք է:

 

Դրա հետ մեկտեղ, ըստ նախագծի, զեղչ հայտարարելու պահին ապրանքների կամ ծառայությունների առնվազն 1/5 մասը պետք է վաճառվի առավելագույն տոկոս զեղչով:

 

Ինչպես կարծում են հանձնաժողովում, նախաձեռնությունն ուղղված է անհրաժեշտ, կանխատեսելի իրավական միջավայրի ստեղծմանը, որը կնպաստի արդար առեւտրի իրականացմանը, մրցակցության բարելավմանը եւ սպառողների իրավունքների պաշտպանության ուժեղացմանը: