Արմինֆո.Այսօր կառավարության նիաստում գործադիրն ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշում:
Ըստ այդմ, ինչպես ասվում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում, Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի, հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա ընկերության 15 տոկոս հասարակ բաժնետոմսերի կառավարումը կհանձնի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)՝ միաժամանակ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։ ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100 տոկոս պետական սեփականությամբ առևատրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է: ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունն առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում, ինչպես նաև ԱՆԻՖ-ի միջոցով կարող է ստեղծել պետության և ընկերության բաժնետերերի միջև երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։ Հավատարմագրային կառավարման համար ԱՆԻՖ-ին վարձատրություն չի սահմանվում։ Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է լինելու կատարել կառավարման համար ֆինանսական ծախսեր, վեց ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել քննարկումներ՝ ԱՆԻՖ կողմից հավատարմագրային կառավարման ընթացքում կատարած ծախսերի հատուցումը կանոնակարգելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը նշել է, որ առաջին անգամ պետությունն ունի բաժնեմաս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում: «Այս գործարքը շատերին կասկածելի է թվացել: Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր ու զրկված է եղել, դա, փաստորեն, կասկածելի չէ, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերել, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր ու գործարքներ գտնել: Ես ուզում եմ պարզաբանել, որ կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ՝ կորցնում: Եվ դա մենք տեսել ենք երկար տարիներ, ըստ էության, 2000-ականներից իշխանությունը ներկայացնող անձանց հետ փոխկապակցված անձինք դարձել են սեփականատեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի: Հիմա հակառակ գործընթացն է տեղի ունեցել և 15 տոկոս բաժնետերերի սեփականատերը ՀՀ վարչապետի աշխատակազն է »,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը կունենա ներկայացուցիչ ԶՊՄԿ-ի տնօրենների խորհրդում. «Նաև շահույթի բաշխման պարագայում տվյալ չափով շահաբաժինն արդեն կդառնա պետական բյուջեի եկամուտ, որը կծախսենք մեր պետության կարիքների և ծրագրերն իրականացնելու համար»: