Երեքշաբթի, 18 Հունվարի 2022 12:33
Ալինա Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները:

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությւոնը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները: Նա անդրադարձել է գինու համաշխարհային և հայաստանյան շուկաների վիճակագրությանը, միտումներին, 10 տարվա կտրվածքով զարգացման ուղղություններին, ակնկալվող ներդրումների ծավալին, նպատակային ցուցանիշներին, մարտահրավերներին և այլ հարցերի:

 

Քննարկում է ծավալվել հայկական գինու արտադրության, արտահանման և վաճառքի ծավալների խթանման հնարավորությունների և մեխանիզմների շուրջ: Գինեգործության զարգացման համատեքստում կարևորվել է գյուղատնտեսական մյուս բարեփոխումների և ծրագրերի հաջող իրականացումը՝ հողային ռեֆորմ, ինտենսիվ այգեգործություն և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև հայկական գինիների աշխարհագրական մակնշման ընթացքի մասին:

 

Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարությունների, ծրագրերի փոխգործելիությունը և ինտեգրումը Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում: Վարչապետը հանձնարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հարթակում ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել համատեղ անելիքները՝ հաշվի առնելով խորհրդակցության արդյունքները:

 

Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021 թվականի 11 ամսվա ընթացքում Հայաստանում արտադրված գինիների ծավալներն աճել են 21,7 տոկոսով՝ մինչեւ 11,3 մլն լ: Ընդ որում, փրփրուն գինու (շամպայնի) ծավալներն ավելացել են 3,5 տոկոսով՝ մինչեւ 635,6 հազար լ:

 

Հիշեցնենք, որ 2021թ. առաջին կիսամյակում Հայաստանը, Մաքսային ծառայության  տվյալներով, արտահանել է 1.4 մլն լիտր գինի՝ տարեկան 56.6% աճով (մեկ տարի առաջվա 30.6% անկման դիմաց)։ Ընդ որում, արտահանված գինու մաքսային արժեքը 55,7 տոկոսով բարձրացել է՝ մինչեւ 5,1 մլն դոլար: Ավանդաբար, հայկական գինու արտահանման հիմնական շուկան ՌԴ-ն է, որին բաժին է ընկնում արտահանման 59% - ը (2020թ. առաջին կիսամյակի 69,8% - ի դիմաց), որին հետեւեւմ են Ուկրաինան եւ ԱՄՆ-ը՝  10-11%, իսկ մնացած ծավալը մատակարարվում է Ղազախստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Բելգիա, Լեհաստան, Լիտվա, Կանադա, Չինաստան, Իսրայել, Հունաստան, Չեխիա, Միացյալ Թագավորություն, Ավստրալիա, ԱՄԷ, Բելառուս, Գերմանիա, Լատվիա, Լիբանան, Թայվան, Իսլանդիա: