Արմինֆո.2021 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի ազգային դեպոզիտարիան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կնքեցին հուշագիր, որով հաստատեցին ՀԿԴ-ի CDA Online հավելվածի և էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ համագործակցության նախնական պայմանավորվածությունը։
Հուշագրի հիմնական նպատակը դեպոզիտարիաների միջև համագործակցության հետագա ալգորիթմ սահմանելն է՝ համատեղ ջանքերով դեպոզիտարիաների ծրագրային ապահովման նոր հորիզոններ բացահայտելը, ինչպես նաև երկու երկրների միջև փորձի փոխանակման լրացուցիչ հարթակ ստեղծելը։
«Մենք երկար տարիներ համագործակցում ենք Ուկրանիայի ազգային դեպոզիտարիայի հետ և աջակցում ենք նրանց ակտիվ ինովացիոն քաղաքականությանը։ Մեզ համար կարևոր է ուկրաինացի գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը, քանի որ երկու կողմերն էլ աջակցում են տեխնոլոգիական արդիականացմանը, ինչպես նաև փորձի և գիտելիքի փոխանակմանը»,- ասաց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը։
Ուկրանիայի ազգային դեպոզիտարիայի վարչության նախագահ Ալեքսեյ Յուդինը նշեց, որ Ուկրաինայի և Հայաստանի դեպոզիտարիաների միջև այս հուշագրի կնքումը կարևոր քայլ է Ուկրաինայի կապիտալի շուկայի զարգացման և թվայնացման գործում։
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հետ համագործակցության նպատակն է երկու դեպոզիտարիաների միջև կապի ամրապնդումը, ինչպես նաև շուկայի մասնակիցների համար նոր ծառայությունների և հնարավորությունների ստեղծումը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում»- մեկնաբանում է Օլեքսի Յուդինը։
2020 թվականի նոյեմբերին Ուկրաինայի ազգային դեպոզիտարիան (NDU) օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ է բացել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում:
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում Ուկրաինայի դեպոզիտարիայի հաշիվը ուկրաինացի ներդրողներին հնարավորություն է տալիս մուտք գործել Հայաստանի արժեթղթերի շուկա: