Ուրբաթ, 21 Հունվարի 2022 14:05
Ալինա Հովհաննիսյան

«Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ»-ի խորհրդի նախագահ է նշանակվել Դավիթ Փափազյանը

«Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ»-ի խորհրդի նախագահ է նշանակվել Դավիթ Փափազյանը

Արմինֆո. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է տնօրենների խորհրդի անդամների և նախագահի նշանակման մասին։

 

Ինչպես հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառաայությունը, ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է հետևյալ հինգ անդամներից, որոնցից յուրաքանչյուրը նշանակվում է երեք տարի ժամկետով․ Դավիթ Փափազյան՝ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն, էդուարդ Մկրտչյան՝ ԱՆԻՖ-ի գործառնական տնօրեն, Ադել Ալի՝ Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Հուսամ Ռայդան` Էյր Արաբիա ընկերության տնօրեն, Նիկո Բուշհոլց` փորձագետ, անկախ անդամ։

 

Ֆլայ Արնայի խորհրդի նախագահ է նշանակվել ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, ով ընկերության խորհուրդը կղեկավարի առաջիկա երեք տարիների ընթացքում: Նշենք, որ ընկերության խորհրդի նախագահը մշտապես կառաջադրվի ԱՆԻՖ-ի կողմից:

 

Խորհրդի անդամները մեծ փորձ և առաջնորդական հմտություններ ունեն, նրանք ճանաչված են իրենց մասնագիտական ոլորտներում ունեցած ներդրումների համար:

 

Նրանց միասնական հարուստ փորձը ֆինանսների, ավիացիայի և զբոսաշրջության ոլորտներում ուղեցույց է հանդիսանալու հուսալի գործունեություն իրականացնելու, արագ աճի հասնելու, հաճախորդների և բաժնետերերի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու՝ ընկերության  ռազմավարական նպատակներն իրականացնելու համար:

 

Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն: