Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Համաձայնագրով նախատեսվում է հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին տրամադրել 1մլն 719 հազար 200 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ:
Ինչպես նշվում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում, ծրագրի իրականացումը համահունչ է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում ամրագրված միջազգային համագործակցության շրջանակում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի մշակման ու նախագծերի իրականացման ուղղությանը, ինչպես նաև բխում է էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքական սկզբունքներից։ Ծրագրի նպատակներից է հանրային նշանակության թվով 20 շենքերում (դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց) էներգախնայողության մակարդակի աճ 50 տոկոսով, ինչը կհանգեցնի տարեկան 3.000 մՎտ*ժամ էլեկտրաէներգիայի խնայողությանը և տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշի նվազեցմանը: Նախատեսվում է նաև ջակցություն էներգետիկ ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների սուբյեկտների կայացման և զարգացման նպատակով: