
Արմինֆո.Անցյալ տարի Հայաստանը կարողացել է 30-35 տոկոսով ավելացնել գինու արտահանման ծավալները։ Այդ մասին հայտարարել է "Գինու ազգային կենտրոն" ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանը։ Նա նշել է, որ եթե 2022 թվականին բնակլիմայական պայմանները բարենպաստ լինեն, Հայաստանից արտահանվող գինու ծավալները կավելանան եւս 50 տոկոսով:
Հարությունյանի խոսքով՝ գինեգործության պայթյունանման աճը պայմանավորված է վերջին տասնամյակում այդ ոլորտին աջակցելու պետական քաղաքականությամբ: "Սա այն ոլորտն է, որն ունի ներքին բուֆեր, պաշար, ինչը թույլ է տալիս դիմանալ կառավարության սխալ որոշումներին կամ, հակառակը, արագ արձագանքել ճիշտ որոշումներին, ինչը թույլ է տալիս նրան անընդհատ աճել", - ընդգծել է Գինու ազգային կենտրոնի ղեկավարը:
Գինու արտահանման այնպիսի ծավալների հասնելու համար, որոնք ապահովում է Վրաստանը, Հարությունյանի կարծիքով, միլիարդավոր դոլարներ են պահանջվելու։ Պատճառը, որ Հայաստանը արտահանման լիտրաժով գրեթե 10 անգամ հետ է մնում Վրաստանից, ըստ փորձագետի, առնչվում է դեռևս ԽՍՀՄ-ում ընդունված աշխարհաքաղաքական որոշումներին: Օբյեկտիվորեն գնահատելով ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ գինեգործության ոլորտում առկա ռեսուրսներն ու ուղղվածությունը թույլ չեն տալիս ժամանակին որոշումներ կայացնել և շտկել այն ժամանակ թույլ տրված սխալները։ Այդ գործընթացն, ւստ Հարությունյանի, ընթանում է դանդաղ, ինչը համահունչ է մեր հնարավորություններին։ "Չեմ ուզում գովասանքի խոսք ասել կառավարության հասցեին, բայց ճշմարտությունն այն է, որ նախկինում գործող և միասին վերցրած բոլոր կառավարությունները չէին կարող վարկային և լիզինգային քաղաքականության այնպիսի ցուցանիշներ ապահովել, ինչպես դա հաջողվել է այսօրվա իշխանություններին։ Դրա շնորհիվ գինեգործության ոլորտի վերազինումը հաջողվեց շատ արագ իրականացնել։ Մենք հիմա շատ լավ մեկնարկի վրա ենք", - ասել է փորձագետը։
Ընդ որում, փորձագետը ուշադրություն է հրավիրել առկա բացթողումմներին։ Մասնավորապես, ըստ նրա, հայկական գինիներն այնքան էլ լավ ներկայացված չեն արտասահմանյան շուկաներում։ Այդ խնդիրը պետք է իր վրա վերցնի պետությունը ՝ գործի դնելով արտաքին գործերի նախարարության բոլոր առկա լծակները։ Այս առնչությամբ Հարությունյանն անդրադարձել է տարբեր երկրներում գործող Հայաստանի առևտրական ներկայացուցչություններին, որոնք իրենց աշխատանքում, ինչպես նա նշել է, չպետք է առաջնորդվեն մարդկանց նեղ խմբի սահմանափակ շահերով, ինչպես դա եղել է նախկին իշխանությունների օրոք։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021 թվականի 11 ամիսներին Հայաստանում արտադրված գինու ծավալներն աճել են 21,7 տոկոսով ՝ հասնելով 11,3 մլն լ: Ընդ որում, գազավորված գինու (շամպայնի) ծավալներն ավելացել են 3,5 տոկոսով՝ մինչեւ 635,6 հազար լ:
Հիշեցնենք, որ 2021թ. առաջին կիսամյակում Հայաստանը, Մաքսային ծառայության տվյալներով, արտահանել է 1.4 մլն լիտր գինի՝ տարեկան 56.6% աճով (մեկ տարի առաջվա 30.6% անկման դիմաց)։ Ընդ որում, արտահանված գինու մաքսային արժեքը 55,7 տոկոսով բարձրացել է՝ մինչեւ 5,1 մլն դոլար: Ավանդաբար հայկական գինու արտահանման հիմնական շուկան ՌԴ-ն է, որին բաժին է ընկնում արտահանման 59% - ը (2020թ. առաջին կիսամյակի 69,8% - ի դիմաց), որին 10-11% - ով հաջորդում են Ուկրաինան եւ ԱՄՆ-ը, իսկ մնացած ծավալը մատակարարվում է Ղազախստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Բելգիա, Լեհաստան, Լիտվա, Կանադա, Չինաստան, Իսրայել, Հունաստան, Չեխիա, Միացյալ Թագավորություն, Ավստրալիա, ԱՄԷ, Բելառուս, Գերմանիա, Լատվիա, Լիբանան, Թայվան, Իսլանդիա: