Շաբաթ, 5 Փետրվարի 2022 17:40
Նաիրա Բադալյան

"Պարսից ծոց-Սև ծով" փոխադրամիջանցքի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսված է 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին. ԻԻՀ փոխարտգործնախարար

"Պարսից ծոց-Սև ծով" փոխադրամիջանցքի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսված է 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին. ԻԻՀ փոխարտգործնախարար

Արմինֆո.Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության գծով տեղակալ Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ "Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի մասին համաձայնագրի" շուրջ բանակցությունները շարունակվում են:

 

Mehrnews-ի հաղորդման համաձայն,  Մեհդի Սաֆարին լրագրողներին հաղորդել է, որ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի եւ Հունաստանի միջեւ "Պարսից ծոց - Սեւ ծով միջանցքի մասին համաձայնագրի" շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են։ "Բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսվում է անցկացնել Սոֆիայում, Բուլղարիայում, հհաջորդ տարվա Օրդիբեխեշտ (ապրիլի եւ մայիսի միջեւ) ամսվա ընթացքում, եւ այդ ժամանակ համաձայնագրի տեքստը պատրաստ կլինի ստորագրման համար: Ոչ պաշտոնական նախապատրաստություն է ընթանում Թեհրանում եւ այլ համապատասխան մայրաքաղաքներում համաձայնագրի մասնակից երկրների դեսպանների հետ, այնպես որ, Աստված կտա, շուտով մենք կտեսնենք կարեւոր տրանսպորտային միջանցքի ի հայտ գալը տարբեր երթուղիներով՝ տարածաշրջանի երկրների եւ արտաքին աշխարհի միջեւ առեւտուրը հեշտացնելու համար", - հավելել Է Սաֆարին:

 

Նա ընդգծել է, որ "վերջերս Ադրբեջանի Հանրապետության եւ Վրաստանի հետ համագործակցությամբ իրականացվել է Իրանից Սեւ ծով բեռների փոխադրման փորձնական ծրագիր":

 

Դեռ 2021 թվականի հոկտեմբերին Իրանի Առևտրի աջակցման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման-Պակը հայտարարել էր առևտրային միջանցքների հնարավորություններն առավելագույնս օգտագործելու ծրագրերի մասին։ Isna-ի համաձայն, այն երկրներից մեկը, որտեղ պետք է ընդլայնվի Իրանի արտահանումը, Ռուսաստանն է։ Վկայակոչելով առևտրային միջանցքների առավելագույն օգտագործման ծրագիրը՝ ԱԱԿ ղեկավարն ընդգծել էր. "Իրանական ապրանքների անցումը Ադրբեջանի Հանրապետության տարածքով միշտ խնդրահարույց է եղել, խնդիրները խորացել են տարվա ցուրտ եղանակին, այդ կապակցությամբ մենք ուսումնասիրել ենք Ադրբեջանին փոխարինելու տարբերակներ": Աղբյուրը նշել է, որ Հայաստանի տարածքից դեպի Վրաստան՝Ռուսաստանով, երթուղին կավարտվի մեկ ամսվա ընթացքում: Հաղորդվում է նաեւ ծովային երթուղու մասին, ներկայումս ընթանում է դրա մշակումը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում Տաթեւ-Աղվանի ճանապարհը, որը դիտարկվում է որպես այլընտրանքային երթուղի իրանական տարանցիկ բեռնատարների համար եւ Իրանը կապում է Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ, պետք է ավարտվի Իրանի մասնակցությամբ: "Տրանսպորտային ենթակառուցվածքի շինարարություն եւ զարգացում" ընկերության գլխավոր տնօրեն Հեյրոլլա Խադեմին այցելել է Երեւան Տաթեւ-Աղվանի ճանապարհ այցելելու նպատակով' որպես այլընտրանքային երթուղի իրանական տարանցիկ բեռնատարների համար: