
Արմինֆո. Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը հրաժարվել է լիագումար նիստի օրակարգում ներառել ընդդիմադիր պատգամավորի՝ նվազագույն աշխատավարձը 68 հազարից մինչեւ 100 հազար դրամ բարձրացնելու մասին օրինագիծը։ Ինչպես հայտարարել է խորհրդարանական մեծամասնությունը, թեմային հնարավոր կլինի վերադառնալ միայն համապատասխան ռեսուրսների առկայության դեպքում։
"Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" ՀՀ օրենքում փոփոխությունների հեղինակ, "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 2019 թվականին՝ 55 հազարից մինչեւ 68 հազար դրամ: Ընդ որում, երկրում նվազագույն սպառողական զամբյուղը 2021 թվականին աճել է 21,7 տոկոսով եւ կազմել 73 400 դրամ, սպառողական գների ինդեքսն աճել է 7,2 տոկոսով, պարենամթերքը՝ 11,7 տոկոսով: Բացի այդ, թանկացել են ջրի, էլեկտրաէներգիայի սակագներըը, իսկ շուտով սպասվում է գազի գնի աճ։
Այս միջոցը, ինչպես նշել է Վարդանյանը, անհրաժեշտ է, նաեւ հաշվի առնելով, որ Հայաստանը վավերացրել է սոցիալական խարտիան, որի համաձայն, նվազագույն աշխատավարձը պետք է լինի միջին աշխատավարձի 40 տոկոսից ոչ պակաս: Մինչդեռ, միջին աշխատավարձը հանրապետությունում կազմել է 204 հազար դրամ, իսկ անցած տարվա դեկտեմբերին՝ 255 հազար դրամ, իսկ նվազագույն աշխատավարձի 40 տոկոսը կկազմի 102 հազար դրամ։ Խորհրդարանականն առաջարկել է օրենքը շրջանառության մեջ դնել 2023 թվականից, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, այն լրամշակել՝ նախագիծը ներառելով լիագումար նիստի օրակարգում:
Կառավարող ուժը՝ ի դեմս ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի, հիշեցրել է, որ իր ընտրողներին խոստացել է բարձրացնել նվազագույն աշխատավարձը, բայց՝ 5 տարվա ընթացքում, մինչև 2026 թվականը և մինչև 85 հազար դրամ։ Դրա հետ մեկտեղ, ինչպես հավաստիացրել է Պապոյանը, հնարավոր է, իշխանություններն ավելի շուտ գնան այդ քայլին՝ համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում։
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: Կառավարությունը նույնպես բացասական դիրքորոշում է հայտնել օրինագծի վերաբերյալ, հիմնավորելով իր մոտեցումը հետպատերազմյան իրավիճակով եւ համավարակով, ինչպես նաև այն հանգամանքով, որ օրենքի փոփոխությունները առաջարկվում ուժի մեջ մտցնել ամռանը՝ այն դեպքում, երբ միջնաժամկետ ծախսերն արդեն ընդգրկված են պետական բյուջեում: Կառավարության հիմնավորման մեջ նշվում է նաև, որ նման փոփոխությունները կարող են հանգեցնել գների և գործազրկության աճին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն, իր հերթին, նշել է, որ կառավարությունն իր ծրագրում նախատեսում է աշխատանքի վարձատրության նվազագույն չափի բարձրացում: Այս գործընթացը տեղի է ունենում, կախված ֆինանսական իրավիճակի զարգացումից: 2023 թվականն այդ առումով բացառություն չի լինի, սակայն, օրենքի ընդունումն այս տեսքով, ըստ նրա, կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, որոնք, առաջին հերթին, կապված են օրենսդրական այլ ակտերի կիրառման հետ, ինչպես նաև կմեծացնի մասնավոր բիզնեսի ծանրաբեռնվածությունը: