Չորեքշաբթի, 9 Փետրվարի 2022 16:42
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունը գործարկել է «Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագիրը

Էկոնոմիկայի նախարարությունը գործարկել է «Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագիրը

Արմինֆո. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ մեկնարկել է «Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագիրը:

 

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել Հայաստանի ՓՄՁ-ների մրցունակությունը՝ բացահայտելով ավելի կանաչ աճի հնարավորությունները, և ավելի լավ կառավարել բնապահպանական ռիսկերը՝ աջակցելով Հայաստանի բնական կապիտալի և շրջակա միջավայրի պահպանմանը:

 

Հայաստանում կանաչ տնտեսությունը համարվում է աճի նոր շարժիչ։ ՀՀ Կառավարությունը   ձգտում է ապահովել, որ տնտեսությունը համապատասխանի բնապահպանական չափանիշներին, որպեսզի մնա կայուն, ճկուն և ապահով:

 

Կառավարության կողմից հաստատված 2020-2024 թթ․-ի ՓՄՁ զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսվում է ՓՄՁ-ների կողմից օգտագործվող Կանաչ տեխնոլոգիաների աջակցության գործիքների քարտեզագրում և խթանում:

 

«Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել կանաչ աճի հնարավոր մեխանիզմների և սկզբունքների վերաբերյալ հետազոտություն, ներառյալ գենդերային հավասարության սկզբունքի կիրառմամբ, որը կարող է ներառվել Հայաստանում ՓՄՁ-ների կողմից իրականացվող բիզնես գործունեության մեջ: Կիրականացվի նաև  Հայաստանում ՓՄՁ-ներում կանաչ տնտեսության սկզբունքների ինտեգրման հիմնախնդիրների մանրակրկիտ վերլուծություն: Նախատեսվում են նաև առաջարկություններ ճանապարհային քարտեզի վերաբերյալ, թե ինչպես իրականացնել կանաչ աճի մեխանիզմների և սկզբունքների ինտեգրումը և կանաչ ֆինանսների հասանելիությունը Հայաստանում ՓՄՁ-ների շրջանում:

 

Գործարարության աջակցման գրասենյակը կանոնակարգում է ծրագիրը` ներգրավելով  փորձագետների թիմ՝ Հայաստանում ՓՄՁ-ների համար գործողությունների ծրագիր մշակելու համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝

- Բացահայտել և քարտեզագրել Հայաստանի ՓՄՁ-ների համար գոյություն ունեցող կանաչ ֆինանսավորման գործիքները,

- Հայաստանի ՓՄՁ-ների կանաչ աճի ինտեգրման համար ճանապարհային քարտեզ և գործողությունների պլանի մշակում, ներառյալ գենդերային հավասարության ապահովմանն                  ուղղված քայլերը:

- Հայաստանի ՓՄՁ-ների համար առաջարկությունների ներդրում` իրենց բիզնես գործունեության մեջ կանաչ աճի մեխանիզմների կառուցվածքային ինտեգրման վերաբերյալ:

- Հայաստանի յուրաքանչյուր մարզում դասընթացների անցկացում, որոնք ունեն աճի ամենաբարձր հնարավորությունները, եթե կանաչ աճի մեխանիզմները ինտեգրվեն իրենց բիզնես          գործունեության մեջ.

Ծրագրի ազդեցությունը չափելի կդառնա Հայաստանում ՓՄՁ-ների համար գործողությունների ծրագիր մշակմամբ, որն ուղղված կլինի բացահայտելու և բացելու ավելի կանաչ աճի հնարավորությունները՝ կլիմայի հետ կապված ռիսկերի ավելի լավ կառավարման, կանաչ անցումային հնարավորությունների և կանաչ ֆինանսավորման ներդրման միջոցով: